00:00:00

«Հրաման է, կատարում ենք». Գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականները նրա հրահանգով էջմիածնի բնակչի բենզալցակայանը խլել են

18:32, 30 հունիս 2018 Իրավական

Գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականները նրա հրահանգով էջմիածնի բնակչի բենզալցակայանը խլել են, հաղորդում է «Փաստինֆո»-ն: Էջմիածնի-քաղաքի Բաղրամյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկի հյուսիս-արեւելյան մասում տարիներ ի վեր մի բենզալցակայան էր գործում: Հիշյալ բենզալցակայանը կառուցվել է դեռեւս 2003 թվականին: Այդ տարածքը բենզալցակայան կառուցելու նպատակով աճուրդով տրամադրվել է Էջմիածնի բնակիչ Պետրոս Թորոսյանին: Կառուցապատման աշխատանքներն սկսվել են, եւ երբ 80 տոկոսով շինությունը կառուցված է եղել, հանկարծակի հայտնվել են ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնականները եւ Պետրոս Թորոսյանին հորդորել այն վաճառել գեներալ Մանվել Գրիգորյանին: Գեներալ Մանվել Գրիգորյանի անունից օգնականները պարբերաբար պահանջեր են ներկայացրել բենզալցակայանը վաճառելու վերաբերյալ, հակառակ դեպքում սպառնացել են քանդել, ավելին՝ ասել են. «Եթե չտաս, ավելի լավ ա հեռանաս ընտանիքով»: Պետրոս Թորոսյանը, «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով պատմությունը, նշում է՝ ստիպված է համաձայնել եւ 2005թ.հունվարի 11-ին նոտարական կարգով վավերացվել է լիազորագիր եւ այն տրվել է Գեւորգ Այվազյանի ներկայացրած Լեւոն Սահակյանին՝ վերջինիս լիազորելով իր փոխարեն նաեւ օտարել նշված շինությունը: Թորոսյանը նշում է, որ ոչ թե վաճառել է գույքը, այլ ուղղակի հանձնել է ճնշումների ազդեցության ներքո, մինչ օրս իրեն գումար չի տրվել: Տղամարդը նաեւ նշում է, որ երբ պահանջել է, որպեսզի գեներալ Մանվել Գրիգորյանի հետ հանդիպում կազմակերպեն՝ անձամբ նրա հետ այդ հարցը քննարկի, վերջինիս օգնականները պատասխանել են, թե գեներալը իրեն տեսնել չի ուզում եւ որ այդ հարցով իրենք են զբաղվում: Հրաման է, իրենք էլ կատարում են: Հիշյալ հասցեում գտնվող բենզալցակայանը դեռեւս 2007թ. հուլիսի 26-ին գնահատվել է 68. 871 000 ՀՀ դրամ, այն գեներալին հանձնելուց հետո, ինչպես Թորոսյանն է նշում, իրեն որեւէ մեկը չի անհանգստացրել: Սակայն տարիներ անց Պետրոս Թորոսյանը նամակներ է ստացել. «Հարկայինից իմ անունով նամակներ էին գալիս պարտքերի վերաբերյալ,- ասում է Թորոսյանն ու հավելում,- դրանք հանձնել եմ Գեւորգ Այվազյանին՝ հարցնելով՝ ինչո՞ւ է իմ անունով դեռ, ինչու են ինձ նամակներ գալիս»: Ի պատասխան Այվազյանն ասել է թե «պատռի դրանք, իրենք գիտեն, թե ում է պատկանում»: Պարզվել է նաեւ, որ բենզալցակայանը սեփականության իրավունքով 2007թ. սեպտեմբերի 12-ից պատկանել է «Էջմիածնի մաքրություն» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը հանդիսանում է գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական՝ նույն ինքը Գեւորգ Այվազյանը: Գույքը դրվել է ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում, իսկ հիշյալ կանոնադրական կապիտալում գույք ներդնողը համարվում է մասնակից՝ իրավունք ունեցող մասնաբաժնի պահանջատեր եւ ընդամենը մեկ շաբաթ հետո Պետրոս Թորոսյանին հեռացրել են մասնակիցների ցանկից: Հետաքրքրաշարժն այն է, որ այդ կանոնադրական կապիտալում միակ 100 տոկոսանոց բաժնետերը հանդիսանում է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Օրեր առաջ Պետրոս Թորոսյանը տեղի ունեցածի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հայտարարություն է տվել հանցագործության մասին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործով տուժող ճանաչված Թորոսյանն ակնկալում է, որ մի օր արդարությունը կվերականգնվի, իսկ այս տարիների ընթացքում լռել է՝ իր ընտանիքի անվտանգությունից ելնելով: Նշենք նաեւ, որ քրեական գործով բացի տուժողից, ցուցմունքներ են տվել մի շարք վկաներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր