Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների գործով մեկ մեղադրյալի՝ Երեւանի բնակիչ Ա.Իսոյանի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:
Քննչական կոմիտեի մամուլի բաժնից հայտնեցին, որ ապրիլի 21-ին ժամը 13:30-ի սահմաններում մի խումբ անձինք «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենաներով ժամանել են Կ.Ուլնեցու փողոց, որտեղ քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել էին ավտոճանապարհի երթեւեկելի հատվածը: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, մահակներով իջնելով ավտոմեքենաներից, տեւական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, մահակներով հարվածել «Մերսեդես բենս», «Նիվա» եւ «Նիսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենաներին: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել կատարված խուլիգանությանը մասնկացություն ունեցած անձանցից մեկի ինքնության վերաբերյալ, ով Երեւանի բնակիչ է՝ Ա.Իսոյան: Վերջինս, ըստ քրեական գործի տվյալների, մահակով հարվածել է «Մերսեդես բենս», ապա՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների ապակիներին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա.Իսոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։
Նշենք, որ գործով մեղադրյալը ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանի օգնականն է: