00:00:00

«Գողականները գնում են Եվրոպա ու գրում, որ գեյ են». Փաշինյանը հայտարարեց, որ պետք է ընդունեն՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների մասին օրենքը

23:59, 07 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Հայաստանից Եվրոպա մեկնող որոշ քաղաքացիներ, այդ թվում՝ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ, բնակության իրավունք ստանալու նպատակով հայտարարում են, թե սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչ են և Հայաստանում հետապնդումների են ենթարկվում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իրավահավասարության և խտրականության բացառման մասին օրենքի անհրաժեշտությանը։

 

 
Փաշինյանը պատմել է Փարիզում իր հետ տեղի ունեցած մի դեպքի մասին։ Նրա խոսքով՝ երբ վարչապետ էր, Փարիզի հյուրանոցներից մեկում սուրճ պատվիրելիս մատուցողը ճանաչել է իրեն և ողջունել։ Պարզվել է, որ մատուցողը Հայաստանից է։


Փաշինյանը հարցրել է, թե ինչու է նա Հայաստանում չէ։ «Ասեցի լսի, ուրեմն Հայաստանի հյուրանոցում չկա՞, Երևանում տեղ չկար, որ հյուրանոցում աշխատեիր մատուցող, եկել ես Փարիզում ես հյուրանոցում մատուցող աշխատում»,- պատմել է Փաշինյանն ու ավելացրել, որ ի պատասխան տղան ասել է, որ իր սեռական կողմնորոշման պատճառով այլևս չի կարողացել ապրել Հայաստանում։

«Մենք այդքան խոսում ենք արտագաղթի մասին, բայց երբեք հարց չենք տվել՝ Հայաստանից արտագաղթածների քանի՞ տոկոսն է արտագաղթել իր սեռական կողմնորոշման պատճառով»,- նշել է Փաշինյանը։

Նա նաև պնդել է, որ Եվրոպա մեկնող որոշ քաղաքացիներ բնակության իրավունք ստանալու համար կեղծ հայտարարություններ են ներկայացնում՝ պնդելով, թե սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչ են և իրենց երկրում հետապնդվում են։

«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք գեյ են և Հայաստանում իրենց հետապնդում են։ Գիտե՞ք՝ ինչի համար՝ բնակության իրավունք ստանալու համար»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ իրավահավասարության և խտրականության բացառման մասին օրենքի ընդունումը կարևոր է ոչ միայն սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, այլև այն բանի համար, որ Եվրոպայում Հայաստանի քաղաքացիները չկարողանան կեղծ տեղեկություններ ներկայացնել իրենց նկատմամբ ենթադրյալ հետապնդումների վերաբերյալ։

Նա, մասնավորապես, նշել է, որ օրենքի առկայության դեպքում եվրոպական երկրներում Հայաստանի քաղաքացիներին հնարավոր կլինի ցույց տալ, որ իրենց իրավունքները երաշխավորված են օրենքով, և այդպիսով հակադարձել կեղծ պնդումներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր