«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Շաքի համայնքում ադրբեջանցու կողմից հայի տուն ներխուժելու և անդամների նկատմամբ փաստացի մահափորձ իրականացնելու դեպքը շարունակում է բուռն քննարկումների առիթ դառնալ։ Քննարկումների կենտրոնում հայտնված ընտանիքի մայր, իր հերոսությամբ աչքի ընկած Անի Ավետիսյանին աջակցելու փոխարեն՝ համայնքում սկսել են թիրախավորել հենց կնոջը՝ անդրադառնալով նաև նրա անձնական կյանքին։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Շաքիում քննարկվում է ոչ միայն տեղի ունեցած միջադեպը, այլև Անի Ավետիսյանի՝ համայնքի բնակիչ չլինելու հանգամանքը։ Մեր տեղեկություններով՝ կինը Սյունիքի մարզ է տեղափոխվել Արարատի մարզից և այժմ բնակվում է իր երկու երեխաների հետ։
Համայնքի որոշ բնակիչներ նշում են, որ նախկինում չեն ճանաչել Անի Ավետիսյանին, ինչն էլ դարձել է նրա շուրջ քննարկումների և քննադատության պատճառ։ Եվ ինչ-որ շրջանակներ ուղղորդված տարածում են տեղեկություններ հայ կնոջ դեմ՝ ուշադրությունը միջադեպի հանգամանքներից աստիճանաբար տեղափոխելով հենց կնոջ անձի և անձնական կյանքի վրա, ոչ թե զինված ադրբեջանցու ներխուժման:
Ի՞նչն է, սակայն, ավելի մտահոգիչ․ կինը հարձակման է ենթարկվել իր երեխաներին պաշտպանելու փորձի ժամանակ, հիմա ինչ-որ շրջանակներ հանրային քննարկման առանցքում են պահում նրա անձնական կյանքը, այլ ոչ թե կատարվածի հանգամանքներն ու պատասխանատվության հարցը։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ համայնքում կնոջ նկատմամբ ձևավորվող բացասական վերաբերմունքը որոշ բնակիչներ կապում են նաև համայնքապետ Ռուբեն Մանուչարյանի ենթադրյալ ուղղորդման հետ։ Հիշեցնենք՝ նա խորհուրդ է տվել բնակիչներին շուն պահել, որ ադրբեջանցիներն իրենց տուն չմտնեն:
Երկու երեխաների հետ ապրող կնոջ անձնական կյանքը քննարկման առարկա դարձնելը չի պատասխանում գլխավոր հարցին՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել, ինչպե՞ս է ադրբեջանցին հատել սահմանը, ինչպե՞ս է գյուղերով անցել, հասել Շաքի, որտդեղ էին սահմանապահները, ուժային մյուս կառույցները, որոնք զինված քաղաքացու ընթացքը չեն կասեցրել: Հիմա էլ փորձում են հերոսացած մոր կերպարը նսեմացնել համայնքում՝ իրենց անգործությունը կոծկելու համար:
Հիշեցնենք, որ այս դեպքի արդյունքում ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը ազատվեց պաշտոնից՝ ենթադրաբար ադրբեջանցու ապօրինի մուտքը չկանխելու համար:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում