00:00:00

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

15:03, 06 հուլիս 2026 Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը:

Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Լենինականի ֆիզիկամաթեմատիկական թեքումով թիվ 33 միջնակարգ դպրոցը։ 1982-1984 թվականներին սովորել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում՝ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում, իսկ 1984-1988 թվականներին՝ Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտում՝ Արմեն Ջիգարխանյանի ուսուցչությամբ։ 1986 թվականին նկարահանվել է Սվերդլովսկի և «Ղազախֆիլմ» կինոստուդիաներում։

1988-1994 թվականներին որոշ ընդմիջումներով եղել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան։ 1990 թվականին նկարահանվել է «Երեք թագավորների պատերազմը» և «Ինկած բերդի իշխանուհին» ֆիլմերում։

1992-1994 թվականներին եղել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան։ 1994-2003 թվականներին նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում, աշխատել հայկական մի շարք հեռուստաընկերություններում:

1998-2001 թվականներին եղել է Չեխիայի «Մայր» թատրոնի ռեժիսոր, որտեղ բեմադրել է հինգ ներկայացում՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ», Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Թ. Բրանդոյի «Չառլիի մորաքույրը» և Ռ. Կալինովսկու «Գազանը լուսնի վրա»։

Նկարահանվել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում, այդ թվում՝ «Մի վախեցիր», «Poker.am», «Գարեգին Նժդեհ», «Ռուսական տապան», «Հատուկ նշանակության ջոկատ», «Մեդալի հակառակ կողմը», ինչպես նաև մի շարք հեռուստասերիալներում։

ԿԳՄՍ նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Արտաշես Ալեքսանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և արվեստասեր հանրությանը՝ վաստակավոր արտիստի մահվան կապակցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր