00:00:00

Օրվա իշխանությունները չեն ստացել ընտրողների անգամ 50 տոկոսի ձայնը, նրանք չունեն ժողովրդի մեծամասնության մանդատը և իրավունք չունեն առուծախի հանել մեր հայրենիքը․ Նաիրի Սարգսյան

16:34, 05 հուլիս 2026 Հասարակություն

Այսօր հուլիսի 5-ն է՝ մեր Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը` մեր անկախ պետականության, ինքնիշխանության և հավաքական իղձերի իրավական ամրագրման օրը, գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Մեր Մայր օրենքը պարունակում է այնպիսի առանցքային ու սրբազան հիմնադրույթներ, որոնք տասնամյակներ շարունակ եղել և շարունակում են մնալ թշնամական պետությունների կոկորդին։ Սահմանադրությունը սոսկ իրավական նորմերի ժողովածու չէ. այն մեր ինքնության հայելին է, որը հստակ հռչակում է՝ ով ենք մենք, որտեղից ենք գալիս, ինչ արժեքների վրա է հիմնված մեր պետականությունը, և հենց սա է օրվա իրական խորհուրդը։

Բայց այս կարևորագույն օրը մենք ականատեսն ենք բացարձակ քաղաքական ցինիզմի։ Սահմանադրական դատարանի նախագահը հանդես է գալիս «վեհաշուք» շնորհավորանքով՝ խոսելով սահմանադրական մշակույթի, «հասարակական պայմանագրի» ու «իրավական կանխատեսելիության» մասին։ Հարց է առաջանում՝ ո՞ւր էին այդ ինստիտուցիոնալ սկզբունքները հենց երեկ, երբ նույն այդ ՍԴ-ն կայացրեց իր խայտառակ որոշումը։ Դուք հիանալի գիտեք օրենքի տառն ու իմաստը, բայց նախընտրեցիք անցնել մասնագիտական էթիկայի վրայով՝ դառնալով քաղաքական հաճոյակատարներ։ Ինչպես դասականներն են ասում՝ «Երբ քաղաքականությունը ներխուժում է դատարան, արդարադատությունը փախչում է պատուհանից»։ Բայց երբ բարձրագույն դատարանի իրավաբանն է դավաճանում իր կոչմանը, նա վերածվում է սեփական պետության դահճի։

Այն, ինչն այսօր տեղի է ունենում, ունի հստակ ու վտանգավոր նպատակ։ Ընտրությունների կեղծումը, ՍԴ կամազրկումն ու այս վերջին բարոյազուրկ որոշումը պարզապես օրենքի ու արդարադատության հերթական «բռնաբարությունը» չեն։ Սրանով հող է նախապատրաստվում ադրբեջանական բացահայտ ճնշման տակ Սահմանադրությունը փոխելու և մեր պետականության հիմքերը կազմաքանդելու համար։ Սա մեր պետականությունը վերջնականապես սպանելու փորձ է։

Մենք թույլ չենք տալու այս կործանարար փոփոխությունները։ Օրվա իշխանությունները չեն ստացել ընտրողների անգամ 50 տոկոսի ձայնը, նրանք չունեն ժողովրդի մեծամասնության մանդատը և իրավունք չունեն առուծախի հանել մեր հայրենիքը։

Հայ ժողովուրդը հանձնվող տեսակ չէ, և մեր միասնականությունը լինելու է այն անառիկ պատնեշը, որը զսպելու և կանգնեցնելու է այս հակապետական ընթացքը։

Պետք է շարունակենք հավատալ մեր ուժին ու բոլորս միասնական տեր կանգնենք մեր Սահմանադրությանը, տեր կանգնենք մեր երկրին։

Շնորհավորում եմ բոլորիս մեր Սահմանադրության կարևորագույն օրվա առթիվ»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր