00:00:00

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներ Լոռու և Տավուշի մարզերում

22:28, 02 հուլիս 2026 Հասարակություն

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և նախարարության հանրակրթության ոլորտի պատասխանատուները Լոռու և Տավուշի մարզերում ևս անցկացրել են խորհրդակցություն մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ, հայտնում են նախարարությունից:

Քննարկմանը ներկա են եղել մարզային կրթության վարչությունների պատասխանատուները, դպրոցների տնօրենները, վարչատնտեսական մասի համակարգողները և ոլորտի այլ շահագրգիռ ներկայացուցիչներ։

2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն առանձնակի նշել է, որ հիմնական նպատակն այն է, որ բարեփոխումների շրջանում դպրոցներում միասնական ստանդարտներ կիրառվեն՝ անկախ աշխարհագրական դիրքից ու աշակերտների քանակից, ինչին էլ ուղղված է դպրոցների կենտրոնացմանը ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո։ Վարչատնտեսական գործառույթները՝ շենքերի և շինությունների պահպանումը, շահագործումը, բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև դպրոցների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ծառայությունները՝ անվտանգություն, մաքրություն, տեխնիկական սպասարկում, սննդի կազմակերպում, լոգիստիկ հարցեր, կշարունակեն իրականացել մարզպետարանները։ Նախարարության և դպրոցների միջև կապն ապահովելու նպատակով լինելու են մարզային համակարգողներ, որոնք պարբերաբար այցելելու են դպրոցներ՝ աջակցելով հնարավոր խնդիրների լուծմանը:

«Ենթակայության փոփոխությունը չի ազդելու դպրոցների գործունեության վրա․ ուսումնական հաստատությունները կշարունակեն գործել նույն սկզբունքներով՝ բովանդակային հարցերում սերտորեն համագործակցելով նախարարության հետ»,- վստահեցրել է նախարարի տեղակալը։ Փոփոխություն նախատեսված չէ նաև տնօրենների մրցույթի անցկացման կարգում. ընտրության գործընթացը, ներառյալ հարցազրույցի փուլը, շարունակելու է իրականացվել մարզային ներկայացուցիչների մասնակցությամբ, տնօրենները նշանակվելու են ԿԳՄՍ նախարարի կողմից։ Վարչատնտեսական համակարգողների դեպքում գործատուն լինելու է մարզպետը, և նրանց նշանակումն ու աշխատանքային պայմանագրերի կնքումն իրականացնելու են մարզպետարանները։

Որպես կարևոր առաջնահերթություն՝ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև կրթության համակարգի թվայնացմանը՝ ընդգծելով, որ ակտիվորեն իրականացվում են տարբեր համակարգերի թվայնացման գործընթացներ, ինչի նպատակն է ապահովել առավելագույն թափանցիկություն, հաշվետվողականություն և արդյունավետություն։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև հանրակրթության բովանդակությանը, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրենսդրական դաշտին վերաբերող մի շարք այլ հարցերի:

Հարցուպատասխանի շրջանակում Արաքսիա Սվաջյանը պատասխանել է ներկաների հարցերին, լսել նրանց դիտարկումներն ու առաջարկները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր