Վերջին երեք օրերին եղանակը մեր երկրում բավականին կայունացել է, որովհետեւ մենք գտնվում են հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Տաք օդային հոսանքների ներթափանցումը կշարունակվի մինչև հուլիսի 3-ի կեսօր։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Դրա արդյունքում կպահպանվի առանց տեղումների եղանակը, իսկ օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, երբ ցերեկային ժամերին հանրապետության ամենատաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, օդի ջերմաստիճանը կհասնի +34-+36 աստիճանի։
Հայց հուլիսի 3-ի երեկոյան ժամերից Սև ծովի շրջաններից Հայաստան կներթափանցի հերթական տեղումնաբեր ցիկոլը, որը Հայաստանում կգործի մինչև հուլիսի 8-ը ներառյալ։
Դրա արդյունքում հուլիսի 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, հուլիսի 4-8 գիշերը և հետկեսօրյա ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, կտեղա կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ
Այս ցիկոլը հյուսիս-արևմուտքից իր հետ բերում է ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում հուլիսի 4-5-ը օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով»,- հայտնել է Գագիկ Սուրենյանը։