ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Մեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար այս պահին միակ թեկնածու և Քիր Սթարմերի հավանական հաջորդող Էնդի Բերնեմի՝ միջազգային քաղաքական փորձի բացակայությունը:
«Ամենևի՛ն»,- ասել է Ռյուտեն Sky News-ի լրագրողների հարցին ի պատասխան: Ըստ նրա՝ եվրոպացի շատ առաջնորդներ իշխանության են գալիս առանց միջազգային քաղաքականության մեջ զգալի փորձի, սակայն արագորեն հմտանում են արհեստավարժ դիվանագետների, զինվորականների և անվտանգության հարցերով խորհրդականների աջակցության շնորհիվ:
Քիր Սթարմերը հունիսի 22-ին հայտարարել էր Լեյբորիստական կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոններից հեռանալու մտադրության մասին: Եթե այլ թեկնածուներ չհայտնվեն, Էնդի Բերնեմը կարող է գլխավորել բրիտանական կառավարությունն արդեն հուլիսի 20-ին: