Լիբանանը մտադիր է իր զինված ուժերը տեղակայել Իսրայելի հետ միջազգայնորեն ճանաչված ամբողջ սահմանի երկայնքով։ Դրա մասին Բեյրութում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուպերի հետ հանդիպմանն հայտարարել է երկրի նախագահ, գեներալ Ջոզեֆ Աունը։
Ըստ Աունի՝ Լիբանանի բանակը լի է վճռականությամբ՝ կատարելու առաջադրված խնդիրը, և Իսրայելը չպետք է խոչընդոտի սահմանին դրա տեղակայմանը։ Նրա հայտարարությունը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում։
Բանակցությունների ընթացքում քննարկվել է լիբանանա-իսրայելական խորհրդակցությունների արդյունքներով հունիսի 26-ին Վաշինգտոնում ստորագրված շրջանակային համաձայնագրի իրագործումը։ Ինչպես հայտնում է Asharq al-Awsat-ը, CENTCOM-ի ղեկավարը Բեյրութ է ժամանել Թել Ավիվից՝ ռազմական դիտորդների խմբի հետ միասին։
Պարբերականի տվյալներով՝ պայմանավորվածությունների շրջանակում իսրայելական ուժերը մոտ ժամանակներս պետք է լքեն Լիբանանի հարավի մի շարք բնակավայրեր, որից հետո դրանք կզբաղեցնեն լիբանանյան բանակի ստորաբաժանումները՝ այսպես կոչված «փորձնական գոտիներում»։
Ավելի վաղ Ջոզեֆ Աունը հեռախոսազրույց էր ունեցել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում վերահաստատել էր Լիբանանի հանձնառությունը համաձայնագրերի կատարմանը և Վաշինգտոնին կոչ էր արել ապահովել Իսրայելի կողմից զորքերի դուրսբերման իր պարտավորությունների պահպանումը։