Ցավոք, պիտի նշեմ, որ շատ վատթար և խեղված էներգահամակարգ ենք ժառանգել և մի կերպ սպասարկումն իրականացնում ենք, մինչև կապիտալ խոշոր ներդրումային ծրագրերը կյանքի կոչվեն, և էներգահամակարգի վատթար վիճակը շեշտակիորեն բարելավենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Հարցին, թե պետությո՞ւնն է ներդրում անելու, թե՞ մասնավորը, նա պատասխանեց․ «Դա արդեն պետականացման վերջնական ավարտից հետո պարզ կլինի․ վերամասնավորեցման դեպքում՝ մասնավորը, պետականացված մնալու դեպքում՝ պետությունը, գուցե կոնցենսիոն կառավարման տրվի»։
Պետրոսյանը հավելեց, որ արդեն հուլիսի կեսին ՀԷՑ-ը կպետականացվի, որին կհաջորդեն շուկայական արժեքի գնահատումն ու փոխհատուցումը. «Հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ–ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա գրել էր, որ հաշվի առնելով, որ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի օտարում տեղի չի ունեցել, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր » ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց։
«Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ կառավարության առաջարկի հիման վրա պետք է տեղի ունենար «ՀԷՑ» ՓԲԸ բաժնետերերի կողմից Ընկերության 100% բաժնետոմսերի՝ Կառավարության հետ համաձայնեցված կարգով օտարում։ Հաշվի առնելով այն փաստը, որ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի օտարում տեղի չի ունեցել և ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի իրավանորմերով՝ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց»,-նշել էր Պետրոսյանը։