Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագծին հավանություն տալու մասին, որում ասվում է․
«Իսրայելի կառավարությունը, որը ամբողջ աշխարհի աչքի առաջ համակարգված կերպով ճնշում է պաղեստինցի ժողովրդին և դատվում է Միջազգային դատարանում Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանություն կատարելու համար, նպատակ ունի թաքցնել սեփական հանցագործությունները 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ իր կողմից ընդունված քաղաքական որոշմամբ։
Այս չարամիտ նախաձեռնությունը, որը անտեսում է իրավական և պատմական փաստերը, բացահայտում է այն դժվարին իրավիճակը, որում հայտնվել են Նեթանյահուն և նրա հանցակիցները, քանի որ նրանց նկատմամբ ձերբակալման օրդերներ են տրվել Միջազգային քրեական դատարանի կողմից պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունների կապակցությամբ անցկացվող հետաքննության շրջանակներում։
Թուրքիան շարունակելու է վճռականորեն աշխատել տարածաշրջանում Իսրայելի ծավալապաշտական և անկայունացնող քաղաքականության դադարեցման և Նեթանյահուի կառավարության օրենքի առջև պատասխանատվության ենթարկելու համար քաղաքացիական բնակչության, մասնավորապես՝ պաղեստինցի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց ԱԳ նախարար Գիդեոն Սաարի առաջարկած նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։