Լոնդոնում և Մեծ Բրիտանիայի մի շարք տարածաշրջաններում եղանակային ծայրահեղ պայմանները հանգեցրել են ավիացիայի աշխատանքի մասշտաբային խափանումների: Մասնավորապես՝ շոգ եղանակից ամպրոպների անցման պատճառով «Հիթրոու» և «Գաթվիք» օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել, մի մասն էլ չեղարկվել է: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը։

Նշվում է, որ թռիչքների հետևման ծառայությունների տվյալներով՝ շաբաթ օրը երկու օդանավակայաններում հետաձգումները ազդել են ավելի քան 600 չվերթի վրա, ընդ որում՝ մոտ 367 չվերթ տուժել է «Հիթրոուում», և մոտ 352-ը՝ «Գաթվիքում»։ Մեծ Բրիտանիայի օդային երթևեկության կառավարման ծառայությունը նախազգուշացրել է, որ խափանումները կարող են շարունակվել մինչև օրվա վերջ։

Եվրոպական «Eurocontrol» գործակալությունը հայտնել է, որ հենց «Հիթրոուն» և «Գաթվիքն» են դարձել Մեծ Բրիտանիայի միակ օդանավակայանները, որտեղ ամպրոպային ակտիվության պատճառով արձանագրվել են «ծանր» ուշացումներ։ Ամենալուրջ խաթարումները նկատվում են Անգլիայի հարավ-արևելքի և Եվրոպայի հյուսիս-արևմուտքի միջև ընկած օդային տարածքում, որտեղով էլ հենց անցնում է փոթորկաբեր ամպերի գոտին։

«Գաթվիքում» խափանումները բացատրել են ամպրոպների ֆոնին ավիադիսպետչերական ծառայությունների կողմից դրված սահմանափակումների գործողությամբ։

Ավիաընկերությունները, այդ թվում՝ «British Airways»-ը և «easyJet»-ը, հայտարարել են, որ եղանակային պայմանների պատճառով փոփոխություններ են մտցնում չվացուցակներում և փորձում են նվազագույնի հասցնել հետևանքները ուղևորների համար։

Մեծ Բրիտանիայի օդային երթևեկության կառավարման ծառայությունը (NATS) նշել է, որ անբարենպաստ եղանակի կանխատեսումը պահպանվում է, և օդային տարածքի աշխատանքի խափանումները կարող են շարունակվել։