Պաշտպանական արդյունաբերությունը դադարել է երկրորդական հարց լինել ՆԱՏՕ-ի օրակարգում և ներկա պայմաններում վերածվել է ռազմավարական նշանակության թեմայի։ Դրա մասին Կանադա կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ մեկնաբանելով հուլիսի 7–8-ին Անկարայում անցկացվելիք դաշինքի առաջիկա գագաթնաժողովը։
Ըստ նրա՝ առաջիկա հանդիպումը կլինի «պատմական», քանի որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը ՆԱՏՕ-ի երկրների որոշումները դարձնում է առանձնահատուկ կարևոր ոչ միայն դաշինքի ապագայի, այլև տարածաշրջանային անվտանգության համար։ Օրակարգի առանցքային հարցերից մեկը կլինի պաշտպանական ծախսերի ավելացումը։ Ֆիդանը նշել է, է որ այս թեման արդեն դուրս է եկել պարզ քննարկումների շրջանակից և կուղեկցվի գործնական քայլերի գնահատմամբ ու համապատասխան զեկույցի պատրաստմամբ։
Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ում ավանդաբար քննարկվում էին զինված ուժերի կառուցվածքը և դրանց պատրաստվածությունը տարբեր սցենարներին։ Սակայն, նրա խոսքով, վերջին տարիներին՝ հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության և այլ ճգնաժամերի ֆոնին, ակնհայտ դարձավ, որ դաշինքն անցել է պաշտպանական արդյունաբերության դերի ավելի խոր ռազմավարական իմաստավորմանը։
Ֆիդանն ընդգծել է, որ այժմ այն այլևս չի դիտարկվում որպես պլանավորման երկրորդական տարր, այլ դարձել է բարձրագույն ռազմավարական մակարդակի հարց։ Այդ կապակցությամբ Անկարայի գագաթնաժողովում նախատեսված են առանձին միջոցառումներ՝ նվիրված պաշտպանական արդյունաբերությանը։
Միաժամանկ, ըստ նրա, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները կքննարկեն դաշինքի ներսում դիրքորոշումների համաձայնեցման, տրանսատլանտյան տարաձայնությունների կարգավորման, սպառնալիքների գնահատման և ՆԱՏՕ-ի պատրաստվածության մակարդակի հարցերը։ Ֆիդանը վստահություն է հայտնել, որ քննարկումները կանցնեն կառուցողական մթնոլորտում։