00:00:00

Արամ Ա կաթողիկոսը «Կիլիկյան Իշխան» շքանշանով է պարգևատրել Կիպրոսի նախագահին

23:51, 24 հունիս 2026 Հասարակություն

Հունիսի 24-ին Նիկոսիայի նախագահական պալատում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը «Կիլիկյան Իշխան» շքանշանով է պարգևատրել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին։

Պարգևատրման հանդիսությանը ներկա են եղել Լիբանանից և Կիպրոսից ժամանած պետական, եկեղեցական և համայնքային ներկայացուցիչներ։

Իր խոսքում Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել Կիպրոսի հավասարակշռված և խաղաղարար դերակատարությունը տարածաշրջանային բարդ իրավիճակներում՝ ընդգծելով նաև հայ և կիպրացի ժողովուրդների դարավոր կապերը, ընդհանուր արժեքները և արդարության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցում ունեցած հանձնառությունը։

Վեհափառ Հայրապետը հատուկ շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին, կառավարությանը և կիպրացի ժողովրդին՝ կիպրահայ համայնքի նկատմամբ ցուցաբերած եղբայրական և աջակցող վերաբերմունքի համար։

Նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը շնորհակալություն է հայտնել բարձր պարգևի համար՝ նշելով, որ տարբեր պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում մշտապես առանձնահատուկ սեր և հոգածություն է ցուցաբերել Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Նա անդրադարձել է նաև Կիլիկիայի հայկական թագավորության և Կիպրոսի պատմական կապերին։

Պարգևատրման արարողությունից հետո Կիպրոսի նախագահը Վեհափառ Հայրապետի պատվին ճաշկերույթ է կազմակերպել նախագահական պալատում, որի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքին, Լիբանանին և Հայաստանին առնչվող հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր