00:00:00

ՌԴ-ն մայիսի 30-ից սահմանափակելու է ՀՀ-ից մրգերի և բանջարեղենի ներմուծումը․ «Ռոսսելխոզնադզոր»

15:04, 28 մայիս 2026 Հասարակություն

«Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից առաքվող լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։

Որոշումն ընդունվել է Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենային արտադրանքի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակիացած դեպքերի կապակցությամբ և բուսասանիտարական բարեկեցությունն ապահովելու նպատակով։ Ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում երկրի տարածքի բուսասանիտարական վիճակին։

Բացի այդ, Հայաստանի իրավասու գերատեսչության կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել նախկինում հայտնաբերված խախտումների ուղղությամբ։

Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, 2026 թվականի մայիսի 21-ից մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից ստուգումներ են անցկացվել Հայաստանի ձեռնարկություններում, որոնց ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այն է՝ ջերմոցային համալիրներում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների առկայություն, ինչը հաստատվում է հայկական պտուղ-բանջարեղենային արտադրանքի ներմուծման ժամանակ դրանց հայտնաբերման պարբերական դեպքերով՝ 181 դեպք 2026 թվականի ընթացքում։

Ավելին, «Ռոսսելխոզնադզոր»-ի տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն, մեծ քանակությամբ պտուղ-բանջարեղենային արտադրանք է մատակարարվում արտաքին տնտեսական գործունեության հայաստանյան բազմաթիվ մասնակիցների կողմից, որոնց սեփականության ձևն անհայտ է, և որոնք խուսափում են կարանտինային բուսասանիտարական հսկողության անցկացումից։ Նշվածը վկայում է այն մասին, որ հայ գործընկերների մոտ բացակայում է արտադրանքի հետագծելիության համակարգը դեպի Ռուսաստան արտահանման ժամանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր