Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորաբակ գյուղի տարածքի հնավայրից գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքում հողի տակից գտնվել է նիզակի երկաթյա ծայրակալ, որը գտնող անձը՝ Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասադուրյանը, այն փոխանցել է «Գեղամա աշխարհ» մարզային թերթի խմբագրությանը։
Ինչպես տեղեկացրել է «Գեղամա աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Խոսրով Խլղաթյանը, մոտ 30 սանտիմետր երկարության նիզակի ծայրակալի լուսանկարն ուղարկվել է ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետների ուշադրությանը՝ այն ուսումնասիրելու եւ դրա պատրաստման ժամանակաշրջանը որոշելու նպատակով։ Ինչպես «Գեղամա աշխարհ» թերթի խմբագրությանը փոխանցեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ հենվելով մասնագետների եզրակացության վրա, նիզակի երկաթյա ծայրակալը պատրաստվել է զարգացած միջնադարում՝ 9-12-րդ դարերի ընթացքում, երբ Նորաբակ գյուղը գտնվում էր Սյունյաց նահանգի Սոթք գավառի կազմում։
«Նիզակի ծայրակալը գտնվել է Նորաբակի հյուսիսարեւելյան կողմի հատվածում, վարելահողերի կողքին գտնվող հանդամասից, որից քիչ հեռվում գետնի վրա նկատելի են նաև ինչ-որ կառույցի քարե սյուների երկու խարիսխներ։ Նիզակի ծայրակալի գտնվելու վայրում հողի տակից հաճախակի են դուրս գալիս կժերի, կարասների, կուլաների մնացորդներ, ինչը հուշում է, որ մենք գործ ունենք հին ժամանակների բնակատեղիի հետ»,-ներկայացրեց Նորաբակի վարչական ղեկավարը։
«Գեղամա աշխարհ» թերթի խմբագրի հավաստմամբ՝ վաղվանից Նորաբակի նիզակի նորահայտ ծայրակալը կհամալրի Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հնագիտական արժեքների շարքը։