00:00:00

ԱՄԷ-ն հայտարարել է, որ «Բարաքա» ԱԷԿ-ի վրա հարձակված անօդաչու սարքերը արձակվել են Իրաքից

19:20, 19 մայիս 2026 Հասարակություն

Միացյալ Արաբական Էմիրությունների պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ «Բարաքա» ատոմային էլեկտրակայանի վրա հարձակված բոլոր անօդաչու սարքերը եկել են Իրաքի տարածքից։ Սա, ըստ ամենայնի, մատնանշում է իրանամետ շիա զինված խմբավորումների ներգրավվածությունը, հաղորդում է AP-ը։

Ճառագայթման արտահոսք չի գրանցվել։ Հարվածը հասցվել է օբյեկտի արտաքին պարագծում տեղակայված գեներատորին։

ԱՄԷ-ն, որի տարածքում տեղակայված են Իսրայելի ՀՕՊ համակարգեր և անձնակազմ, նախկինում արդեն մեղադրել էր Իրանին գրոհային անօդաչուներով հարվածներ հասցնելու մեջ նույնիսկ հրադադարի ռեժիմի հայտարարումից հետո։ Տարածաշրջանում լարվածությունը հավելյալ սրվում է նաև Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակով՝ նավթի մատակարարման ռազմավարական կարևոր ուղիով, որը գտնվում է Իրանի վերահսկողության տակ և ամերիկյան ռազմածովային շրջափակման պայմաններում։

Դեռ ոչ մի խմբավորում պաշտոնապես չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն կասկածներն անմիջապես ուղղվել են Իրանի և նրա հետ կապված ուժերի վրա։

Իրաքի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բասսեմ ալ-Ավադին, անմիջապես դատապարտել է հարձակումները՝ չմեկնաբանելով էմիրաթական պաշտպանության նախարարության հայտարարությունը։ «Իրաքը վճռականորեն դատապարտում է ԱՄԷ-ի դեմ ուղղված անօդաչու սարքերի վերջին հարձակումները»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

Նա նաև ընդգծել է «արդյունավետ տարածաշրջանային և միջազգային համագործակցության անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիան և եղբայրական ու բարեկամ պետությունների անվտանգության և ինքնիշխանության սպառնալիքները կանխելու համար»։

ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ վերջին երկու օրում երկիրը ենթարկվել է ևս երեք անօդաչու սարքի հարձակման, սակայն դրանց թիրախների մասին մանրամասներ չեն բացահայտվել։

Մոտ 20 միլիարդ դոլար արժողությամբ «Բարաքա» ԱԷԿ-ը կառուցվել է ԱՄԷ-ի կողմից՝ Հարավային Կորեայի մասնակցությամբ, և շահագործման է հանձնվել 2020 թվականին։ Սա արաբական աշխարհում միակ ատոմային էլեկտրակայանն է։ Այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ մեկ քառորդը։

Ավելի վաղ՝ երեքշաբթի, ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը անուղղակիորեն քննադատել է տարածաշրջանի որոշ երկրներին՝ տեղի ունեցողի նկատմամբ նրանց արձագանքի համար։

«Այս նենգ իրանական ագրեսիայի ընթացքում դերերի շփոթությունը տարակուսանք է առաջացնում և անդրադառնում է Պարսից ծոցի ողջ տարածաշրջանի պետությունների վրա»,- գրել է նա X-ում։ Նրա խոսքով՝ «զոհն ու միջնորդը տեղերով փոխվել են, իսկ ընկերները վերածվել են պարզապես միջնորդների՝ փոխանակ մնալու հաստատակամ դաշնակիցներ և աջակիցներ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր