00:00:00

Գովազդի տեղադրման հնարավորություն ունեն բոլոր քաղաքական ուժերը․ ՀՀՌՑ-ն պարզաբանում է տարածել

11:38, 14 մայիս 2026 Հասարակություն

Գործող օրենսդրության շրջանակում գովազդի տեղադրման հնարավորություն ունեն բոլոր քաղաքական ուժերը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունից՝ անդրադառնալով մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական հարթակներում հրապարակված՝ Երևանի հեռուստաաշտարակի մեդիաֆասադում քաղաքական գովազդի տեղադրման վերաբերյալ մեկնաբանություններին ու գնահատականներին։

«Այդ մեկնաբանությունները և գնահատականները կրում են զրպարտիչ բնույթ և չեն համապատասխանում իրականությանը։ ՀՀՌՑ ՓԲԸ-ն հանդիսանում է փակ բաժնետիրական ընկերություն և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Երևանի հեռուստաաշտարակի էկրանային վահանակում քաղաքական գովազդի տեղադրումն ու ցուցադրումն իրականացվում են բացառապես Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի և գործող իրավական կարգավորումների պահանջներին համապատասխան։

Երևանի հեռուստաաշտարակի էկրանային վահանակում գովազդի տեղադրման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվել է դեռևս 2026 թվականի մայիսի 4-ին՝ ընկերության պաշտոնական կայքում։

Քաղաքական գովազդի տեղադրման հնարավորության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական հարթակում։

Հայտարարությամբ հստակ սահմանվել է, որ գործող օրենսդրության շրջանակում գովազդի տեղադրման հնարավորություն ունեն բոլոր քաղաքական ուժերը։ Այս պահին քաղաքական գովազդի տեղադրման հայտ է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Լիահույս ենք, որ առաջիկայում գովազդի տեղադրման հայտեր կներկայացնեն նաև մյուս քաղաքական ուժերը»,– պարզաբանեցին ընկերությունից՝ ընդգծելով, որ ՀՀՌՑ ՓԲԸ-ն իր գործունեությունն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ՝ ապահովելով թափանցիկ, հավասար և ոչ խտրական պայմաններ բոլոր շահագրգիռ կողմերի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր