Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ բազմաթիվ երկրներ հետաքրքրված են հայ-ամերիկյան TRIPP նախագծով։
Արարատ Միրզոյանն այդ մասին ասաց Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
ԱՄՆ պետդեպարտամենտն «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ TRIPP նախագծի իրականացումը շարունակում է մնալ ԱՄՆ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկը, և որ Հայաստանն ԱՄՆ-ի ու համաձայնեցված երրորդ երկրների հետ շարունակում է աշխատել նախագծի իրականացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ը, մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարին խնդրեց մանրամասնել, թե որոնք են համաձայնեցված երրորդ երկրները, որոնց հետ Հայաստանն աշխատում է TRIPP-ի իրագործման ուղղությամբ։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց՝ չնայած աշխարհում և տարածաշրջանում ընթացող ոչ այնքան բարենպաստ գործընթացներին՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև երկկողմ աշխատանքները TRIPP-ի իրագործման ուղղությամբ շարունակվում են։
«Ես առիթ ունեցել եմ ասելու, որ հիմա դեռ աշխատանքների փաստաթղթային փուլն է։ Միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում ենք գտնվում։ Մենք առանձին հարցերի շուրջ մտքեր և դիրքորոշումներ անընդհատ ենք փոխանակում ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Հուսով ենք, որ որքան հնարավոր է շուտ կթևակոխենք հաջորդ՝ շինարարական փուլ, և ահա այստեղ է, որ մենք նաև երրորդ գործընկերների կարիք ենք ունենալու»,- մանրամասնեց Միրզոյանը։
Նա հստակեցրեց, որ TRIPP նախագծի վերաբերյալ միջպետական պայմանագիրը լինելու է երկկողմ՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև, սակայն շինարարության փուլում գործընկերների կարիք է լինելու։ Նրա խոսքով՝ գործընկեր երկրների կարիք կարող է լինել նաև համակարգերի կառավարման փուլում։
ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց՝ որքան էլ TRIPP-ը երկկողմ նախագիծ է, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից՝ սկսած Չինաստանից, վերջացրած Պորտուգալիայով։
«Էլ չասեմ մեր հարևանների մասին։ TRIPP-ն այլ մոլորակի վրա չէ։ Դրա մի ծայրը պետք է կպնի Ադրբեջանին, մյուս ծայրն ավարտվի Նախիջևանով՝ կրկին Ադրբեջանով, բայց տրամաբանական շարունակությունը Երասխով հայկական երկաթուղային ցանցն է, Կարս-Գյումրի երկաթուղային հանգույցն է և Թուրքիայի երկաթուղային ցանցը։ Կենտրոնական Ասիայի երկրները հատկապես շատ շահագրգռված են։ Մեկ օր առաջ մենք այստեղ հանդիպում էինք նաև Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ, որը Հայաստանում էր Ղազախստանի տրանսպորտի նախարարի ուղեկցությամբ։
Մերձավոր Արևելքի երկրներն են հետաքրքրված այս թեմաներով։ Առայժմ որևէ կոնկրետ բան չկա, որը ես կարող եմ կիսել նաև հանրության հետ»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։