00:00:00

Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել թույլ չտալ, որ Իսրայելը հերթական անգամ վիժեցնի հրադադարը տարածաշրջանում

21:51, 09 ապրիլ 2026 Քաղաքականություն

Միջազգային հասարակական կարծիքը պետք է պատրաստ լինի և կարողանա անհրաժեշտ հակահարված տալ Իսրայելի հնարավոր դիվերսիոն գործողություններին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան Շեյբանիի հետ հանդիպումից հետո անցկացված համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Ըստ Ֆիդանի՝ «մենք պետք է անհրաժեշտ դասեր քաղենք անցյալի ճգնաժամերից, և այդ առողջ բանականությունը պետք է կիրառվի բանակցային գործընթացը խաթարելուն ուղղված Իսրայելի հայտնի գործողություններին ի պատասխան»։

«Մասնավորապես, միջազգային հասարակական կարծիքը պետք է պատրաստ լինի և կարողանա անհրաժեշտ հակահարված տալ Իսրայելի հնարավոր դիվերսիոն գործողություններին։ Բացի դրանից, հուսով ենք տարածաշրջանում անվտանգության և խաղաղության նոր ճարտարապետություն ստեղծել, ներառյալ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև հարաբերությունների կարգավորումը՝ ավելի ամուր հիմքի վրա։ Կրկին հայտարարում եմ, որ Թուրքիան պատրաստ է ակտիվ դեր խաղալ այդ գործընթացում և կատարել բոլոր անհրաժեշտ ներդրումները։

Իսրայելն այժմ Գազայում իր ցեղասպանությունը տարածում է Լիբանանի վրա։ Տարածաշրջանային հրադադարի համաձայնագրի թանաքը դեռ չի չորացել, Լիբանանում Իսրայելի հարձակումները, որոնք չեն խնայել ո՛չ երեխաներին, ո՛չ էլ քաղաքացիական անձանց, խլել են հարյուրավոր կյանքեր և տարածաշրջանը մղել ավելի խոր մարդասիրական ճգնաժամի մեջ»,- ասել է նա։

Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ Լիբանանի իսրայելական օկուպացիայի դադարեցումը և քաղաքացիական անձանց պաշտպանությունը դարձել են հրատապ առաջնահերթություններ։

«Ուզում եմ ընդգծել հետևյալ կետը, որը կարևոր է մեր ամբողջ տարածաշրջանի խաղաղության և համաշխարհային կայունության համար։ Ոչ մի դեպքում Նեթանյահուի կառավարությանը չի կարելի թույլ տալ կրկին խաթարել տարածաշրջանում հրադադարը և ինտենսիվ ջանքերի միջոցով ձեռք բերված բանակցային գործընթացը»,- ասել է Ֆիդանը։

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի գործընթացի ընթացքում հայտարարված ծրագրերը բարդ հարցեր, դրանց թվում՝ տարածաշրջանային անվտանգությանը և այլ թեմաներին վերաբերող հարցեր են ներառում։

«Երկու շաբաթը կարող է բավարար չլինել։ Եթե կողմերը համաձայնության գան, հրադադարը կերկարաձգվի որոշ ժամանակով, և բանակցությունները կարող են շարունակվել։ Մեր հույսերն ու ջանքերը կկենտրոնանան հենց դրա վրա՝ ապահովել, որ այդ բանակցությունները սկսվեն բարի մտադրություններով և հանգեցնեն արդյունքների։ Աշխարհը դրա կարիքն ունի, տարածաշրջանը դրա կարիքն ունի։ Եվ՛ Իրանը, և՛ Ամերիկան ​​ընդունակ են դրան, իսկ տարածաշրջանի երկրները պատրաստ են ցանկացած կառուցողական ներդրում ունենալ»,- հավելել է Ֆիդանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր