00:00:00

Զախարովան հեգնել է Ալեն Սիմոնյանին. «Օյ, կրկին բարեւ ձեզ, ինչո՞ւ եք դա անում Ալեն Ռոբերտովիչի հետ»

20:35, 08 ապրիլ 2026 Քաղաքականություն

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ծիծաղով է արձագանքել ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, եթե ռուսական գազի գինը Հայաստանի համար բարձրանա։ Նշվածը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Զախարովան նախ հեգնել է՝ «Օյ, ինչպես ասում են՝ կրկին բարև ձեզ։ Ինչո՞ւ եք դա անում Ալեն Ռոբերտովիչի հետ։ Դուք որևէ անձնական անբարեհաճությո՞ւն ունեք նրա նկատմամբ», ապա ավելացրել. «Դա մի փոքր հիշեցնում է ոզնուն սպառնալու պատմությունը՝ սեփական կարողությունները բացահայտելով։ Ես չեմ ուզում լուրջ մեկնաբանել զգացմունքային քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք այդքան շատ իրարամերժ հայտարարություններ են արել։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Հայաստանի պաշտոնյաները հայտարարում էին, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս կամ կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։ «Ես չգիտեմ՝ այդ գործընթացն ավարտվե՞լ է, թե՞ դեռ լիարժեք ընթացքի մեջ է»,- ասել է Զախարովան։

Ըստ նրա, նման հայտարարությունները նախևառաջ պետք է գնահատվեն հենց Հայաստանում, քաղաքացիները պետք է ձևավորեն իրենց վերաբերմունքը պետության ներքին և արտաքին քաղաքականությունը որոշող քաղաքական գործիչների հայտարարությունների նկատմամբ։

Այդուհանդերձ, նա մանրամասն անդրադարձել է ն ռուսական գազի մատակարարման հարցին՝ նշելով, որ այդ հարցը քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 1-ին Մոսկվայում անցկացված հանդիպման ժամանակ։

«Հայաստանը ռուսական գազը ստանում է 177,50 դոլարով, մինչդեռ Եվրոպայում գինը հասնում է 600 դոլարի»,- ասել է նա եւ ավելացրել, որ սա փաստ է, ոչ թե էմոցիոնալ գնահատական կամ ենթադրություն։

Զախարովան հավելել է, որ երկրի ղեկավարության պարտականություններից մեկն է ապահովել էներգետիկ անվտանգությունը, հատկապես ներկայիս էներգետիկ շուկաների լարվածության պայմաններում։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին՝ նա նշել է, որ, իր խոսքով, Հայաստանի՝ 2015 թվականին ԵԱՏՄ-ին անդամակցելը դարձել է երկրի տնտեսական բարեկեցության հիմքերից մեկը։ Զախարովան վկայակոչել է հայկական վիճակագրական տվյալները, ըստ որոնց՝ վերջին 10 տարում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ՝ 10,5 միլիարդ դոլարից հասնելով 29,2 միլիարդի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր