Հայտնի սրտաբան, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանն ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ցուցակում որպես անկուսակցական, սակայն վերջնական ցուցակում տեղ չի գտել ՌԴ քաղաքացի լինելու պատճառով։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում` արձագանքելով մամուլում երեկ տարածված տեղեկություններին, թե իջևանցի բժշկի՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար նրա քաղաքացիությունը խոչընդոտ չի եղել։
Ադամյանի խոսքով՝ պատվիրակների ընտրության շնորհիվ ինքը 86-րդ տեղում է եղել, սակայն ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու պատճառով չի ընդգրկվել նախընտրական ցուցակում։
«Ինչպես տեսնում ենք, ՔՊ–ի ցուցակով առաջադրվողների համար ՌԴ քաղաքացի լինելը վստահաբար խոչընդոտ է»,- գրել է Ադամյանը։
Հիշեցնենք` ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդված 2-րդ կետով սահմանվում է, որ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: