ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը գրել է.
«Այս պահին կարելի է ասել, որ
1. Այս գիշեր աշխարհը (և, բնականաբար, Հայաստանը) խուսափեցին մի մեծ աղետից, որը կարող էր լիներ, եթե Թրամփը իրականացներ «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու» իր սպառնալիքը: Վերջնաժամկետն այս գիշերն էր լրանում, բայց Պակիստանի միջնորդությամբ հաջողվեց ստանալ ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի պաշտոնական հայտարարությունները` երկու շաբաթով զինադադարի մասին, որոնց ընթացքում նախատեսվում է վերջնական խաղաղություն հաստատել:
2. Եթե այս ամենը իրողություն դառնա, կարելի է ասել, որ Իրանը պատմական հաղթանակ է տարել, դիմակայելով երկու միջուկային տերությունների ռազմական հարձակմանը, քանի որ Թրամփը համաձայնվել է ընդունել Իրանի պայմաններով ձևավորված 10-կետանոց փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք:
3. Սա ամբողջությամբ փոխում է մեր տարածաշրջանի ճարտարապետությունը և հաստատում Իրանին որպես տարածաշրջանային հզոր տերություն և, հաշվի առնելով նրա վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, նաև որպես համաշխարհային մեծ խաղաղացող:
4. Անգամ եթե խաղաղությունը ձախողվի, Իրանն արդեն ապացուցել է իր ռազմական և տնտեսական կարողությունները, որոնց հետ ստիպված հաշվի են նստելու գերտերությունները:
5. Եթե այս խաղաղությունը հաստատվի և ամրապնդվի, կարելի է լավատեսությամբ լցվել նաև Հայաստանի շուրջ խաղաղության հաստատման հեռանկարների նկատմամբ և կարելի կլինի ասել, որ իսկապես Իրանի հզորացմամբ խաղաղություն է գալիս նաև Հայաստանի համար: Բայց իհարկե դա ոչ մի կապ չի ունենա Նիկոլ Փաշինյանի իբր բերած կեղծ «խաղաղության» հետ:
6. Սա նաև ավելի արդիական է դարձնում Հայաստանն Իրանին և Պարսից ծոցի նավահանգիստներին կապող երկաթուղու կառուցման Հայ Ազգային Կոնգրեսի ծրագիրը, բայց դրա մասին ավելի մանրամասն՝ հետագայում:
Վերջում ներկայացնեմ այն 10 կետերը, որոնք ընդունվել են որպես բանակցությունների հիմք.
1. Միացյալ Նահանգների ոչ ագրեսիայի պարտավորություն - Միացյալ Նահանգների (և նրա դաշնակիցների) կողմից Իրանի դեմ հետագա հարձակումներ չիրականացնելու վերաբերյալ վստահելի երաշխիք։
2. Հորմուզի նեղուցի վրա Իրանի շարունակական վերահսկողություն - Իրանը պահպանում է ինքնիշխանություն և գործառնական վերահսկողություն ռազմավարական ջրուղու վրա։
3. Իրանի միջուկային հարստացման իրավունքների ընդունում -Իրանի՝ ուրան հարստացնելու իրավունքի պաշտոնական ճանաչում իր քաղաքացիական միջուկային ծրագրի համար։
4. Բոլոր առաջնային ամերիկյան պատժամիջոցների վերացում - Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ուղղակիորեն դրված պատժամիջոցների հանում։
5. Բոլոր երկրորդային պատժամիջոցների վերացում - Այն պատժամիջոցների հանում, որոնք վերաբերում են օտարերկրյա ընկերություններին կամ երկրներին, որոնք գործարար հարաբերություններ են ունենում Իրանի հետ։
6. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում Իրանի դեմ -Միջազգային պատժամիջոցների և սահմանափակումների վերացում, որոնք բխում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներից։
7. ՄԱԳԱՏԷ-ի Ղեկավարների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում - Միջազգային ատոմային էներգիայի գործակալության բանաձևերի և վերահսկողության դադարեցում, որոնք կապված են Իրանի միջուկային ծրագրի հետ։
8. Պատերազմի վնասների համար փոխհատուցում/վճարում- Ֆինանսական վերականգնում կամ վճարումներ Իրանին՝ հակամարտության հետևանքով կրած կորուստների և ավերածությունների համար։
9. Միացյալ Նահանգների մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից- Ամերիկյան ռազմական ներկայության հեռացում Մերձավոր Արևելքի բազաներից և տեղակայման կետերից։
10. Թշնամական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում - Պատերազմի ամբողջական և մշտական ավարտ, այդ թվում՝ Լիբանանում Հեզբոլլահի դեմ իսրայելական հարձակումների դադարեցում և Իրանի դաշնակիցների («Դիմադրության առանցք») ներգրավված ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունների վերացում»։