00:00:00

Կարող է սկսվել Թրամփի իմպիչմենտի գործընթաց. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատների շրջանում նրա պաշտոնանկության կոչերը հասել են գագաթնակետին. աղբյուր

22:34, 07 ապրիլ 2026 Քաղաքականություն

 

 

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի մասին գրառման մեջ սպառնացել է, թե այսօր երեկոյան մի ամբողջ քաղաքակրթություն կվերանա, նրա պաշտոնանկության կոչերն ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատների շրջանում հասել են գագաթնակետին: Այս մասին գրում է Axios-ը։

Նշվում է, որ Վենեսուելայի, իսկ այժմ նաև Իրանի վրա Թրամփի հարձակումներն այս տարի դեմոկրատ օրենսդիրներին մղել են իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել։

Դիտարկվում է նաև նախարարների կաբինետ նամակ ուղարկելու տարբերակը, որպեսզի գործի դրվի ԱՄՆ Սահմանադրության 25-րդ լրացումը։ Այն կարգավորում է նախագահի պաշտոնի թափուր մնալու, փոխնախագահի նշանակման և նախագահի անաշխատունակության դեպքում իշխանության փոխանցման հարցերը և թույլ է տալիս փոխնախագահին և կառավարության մեծամասնությանը ժամանակավորապես ստանձնել նախագահի լիազորությունները, եթե նախագահն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները։

Այս առնչությամբ Ներկայացուցիչների պալատի անդամ Իլհան Օմարը X-ի իր էջում գրել է. «Սա անընդունելի է: Կիրառե՛ք 25-րդ լրացումը: Իմպիչմենտի ենթարկե՛ք: Հեռացրե՛ք: Այս անկայուն խելագարը պետք է հեռացվի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իրանական քաղաքակրթությունն այսօր կարող է անվերադարձ դադարեցնել իր գոյությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ չէր ցանկանա դա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր