Բոլոր այն կառուցապատողները, որոնք խախտում են սահմանված պահանջները և շեղվում են ավագանու որոշումներից, պետք է ենթարկվեն պատշաճ տուգանքների և վարչական պատասխանատվության, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հատկապես բարձր ռիսկայնության (4-րդ ռիսկային խմբի) կառուցապատողների դեպքում որևէ բացառություն չի կարող լինել, և նրանց նկատմամբ վարչարարությունը պարտադիր պետք է իրականացվի»,-ասաց քաղաքապետը։
Ավինյանի խոսքով՝ Երևանում գործող բոլոր այն շինհրապարակները, որոնք չեն համապատասխանում ավագանու որոշումներին, պետք է ենթարկվեն նույն կարգապահական գործընթացին՝ առանց բացառությունների։
«Մենք այս պրոցեսին հետևելու ենք ամենայն ուշադրությամբ, որովհետև սա ուղղակիորեն նաև փոխկապակցված է լինելու Երևան քաղաքի սեփական եկամուտների հետ»,-ասաց Ավինյանը։