ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ընդգծում է՝ ՔՊ-ի նոր հրապարակված նախընտրական ծրագիրն Ալիևի ու Էրդողանի երազանքն է.
«Վարչախումբը հրապարակել է իր հերթական նախընտրական «ծրագիրը»։ Իրականում դրան կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե չլիներ մեկ կարևոր հանգամանք. առաջին անգամ ՀՀ պատմության մեջ Ադրբեջանի պահանջները ներկայացվում են որպես նախընտրական ծրագիր։
Ինչո՞ւ է իրականում անիմաստ քննարկել ՔՊ-ի խոստումները։
Հիշե՛ք, թե ինչ էին խոստանում նրանք 2021 թվականի արտահերթ ընտրություններին։ Խոստանում էին Արցախի կարգավիճակ, «անջատում հանուն փրկության», «Հադրութի և Շուշիի դեօկուպացիա», խոստանում էին խաղաղություն և անվտանգություն ու ձեզնից խնդրում էին «պողպատե մանդատ»՝ դա իրականացնելու համար։
Իսկ ի՞նչ արեցին իրականում. իրականացրին այն ամենը, ինչ պահանջում էր Ալիևը։ Հանձնեցին Արցախը, հանձնեցին մեր սուվերեն տարածքները, թշնամուն բերեցին մեր տներին մոտ։
Եթե նախորդ անգամ նրանք կեղծեցին, քողարկեցին իրենց իրական նպատակներն ու հետո կատարեցին Ադրբեջանի պահանջները, ապա այս անգամ նույնիսկ չեն էլ թաքցնում։ Այն ամենը, ինչ գրված է այս ծրագրում՝ սկսած Սահմանադրության փոփոխությունից մինչև Եկեղեցու դեմ հարձակում և այսպես կոչված «միջանցքների» բացում, Ալիևի ու Էրդողանի երազանքն է, որն այսօր դրված է ձեր սեղանին՝ որպես «իշխանության ծրագիր»։ Իսկ աշխարհիկ պետության մեջ կուսակցական ծրագրով Կաթողիկոսին «հեռացնելու» կամ «տեղապահ ընտրելու» դրույթ գրելը ոչ միայն հակասահմանադրական է, այլև բնորոշ է բոլշևիկյան բռնապետություններին։
Ուստի, այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ասել Ալիևի ծրագրերին»: