00:00:00

«Կայունություն» կուսակցությունը սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը․ Հայտարարություն

13:47, 04 ապրիլ 2026 Քաղաքականություն

«Կայունություն» կուսակցությունը հայտարարել է, որ սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ նշելով, որ այսօր անհրաժեշտ են փոփոխություններ, որոնք օրվա իշխանությունները անել չեն կարող:

Կուսակցության հայտարարությունը՝ ստորև․

«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր բարդագույն ժամանակաշրջաններից մեկը: Պատերազմական ծանր հետևանքներ /զոհեր,վիրավորներ, գերիներ/ Արցախի հայաթափում, Հայրենիքի սահմանների անձեռնմխելիության ոտնահարում, ավանդական արժեքների ձևախեղում, որի հետևանքով թուլացել է Հայաստանի պաշտպանունակությունը, խաթարվել  երկրի անվտանգային համակարգը: Խեղաթյուրվել է երկրի բարոյահոգեբանական դիմագիծը: Գլխիվայր շրջվել են հային ու Հայաստանին բնորոշ հատկանիշները:

Հայրենասիրությունը, Արարատ, Արցախ բառերի օգտագործումը ներկայացվում են որպես պատերազմի հրահրման առիթներ: Իշխանությունները, շահարկելով ընձեռնված լծակներն  ու հնարավորությունները /պետական հեռուստատեսություն, մամուլ, «ներկուսակցական»  ու «աշխատանքային» հանդիպումներ/, առաջնորդվելով  խմբակային շահերով, մոլորեցնում  են հանրությանը, կերակրելով նրան ստի, վախի ու անորոշության ամենօրյա  չափաբաժիններով: Սուտն, իրավամբ, դարձել է պետական քաղաքականություն: Անհրաժեշտության դեպքում սևը ներկայացվում է սպիտակ, սպիտակը՝ սև: Հայաստանի Հանրապետության գոյությունն ու խաղաղության առկայությունը  հանրահռչակվել են որպես օրվա իշխանության  «բացառիկ» ձեռքբերումներ: Ասես իրենցից առաջ Հայաստան ու Հայկական պետություն գոյություն չեն ունեցել: Իսկ խաղաղությունն էլ  «նոր» երևույթ էր, որն իրենց շնորհիվ  «սկսեց ծագել Արևելքից»:

Վտանգավոր չափերի է հասել հասարակության պառակտումը: Անհանդուրժողականությունն ու ատելությունը հանրությանը քայքայում են ներսից: Այսպիսի մթնոլորտում ամենալավագույն ծրագրերն անգամ չեն կարող իրագործվել: Հայաստանի Հանրապետությանը հարկավոր է նոր միջավայրի ձևավորում, փոփոխությունների իրականացում բոլոր բնագավառներում, ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում ՝ հավասարակշիռ կեցվածքի որդեգրում:

Այո՛, մեզ այսօր անհրաժեշտ են փոփոխություններ:

Օրվա իշխանությունները դա անել չեն կարող: Նրանք խճճվել են իրենց իսկ հյուսած անիրավության սարդոստայնի մեջ:

Ժողովրդավարության քողի ներքո հաստատվել է կառավարման մենիշխանական ձևը, որի միջավայրում լիարժեքորեն չեն գործում իշխանության տարբեր թևերի գործառույթները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ստեղծված իրավիճակում, ցանկալի փոփոխությունների հասնելու համար, երկրին անհրաժեշտ են նոր մարդիկ ու քաղաքական նոր ուժեր, որոնք զերծ կմնան վերոնշյալ  սխալներից ու գայթակղություններից:     

Մեր դիտարկմամբ այդպիսի ուժ է իրենից ներկայացնում  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ: Ուստի «Կայունություն»-ը, իրատեսորեն գնահատելով իրավիճակը, ելնելով ընդհանուր գաղափարների և մոտեցումների նույնությունից, ինչպես և ընտրողների ձայները չփոշիացնելու նկատառումից,  հայտնում է իր աջակցությունը և սատարում է  «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը իր ընտրապայքարում:

Հորդորում ենք «Կայունություն»  կուսակցության անդամներին ու համակիրներին՝ կատարելով  քաղաքացիական պարտքը՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին և  քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի օգտին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր