Ծաղկազարդին Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին աջակցություն հայտնելու համար դատախազության առաջ են հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ։ Բողոքի ակցիայի մասնակիցները արդարություն և արդարադատություն են պահանջում, ընդգծում են նաև այն փաստը, որ դպրոցական Դավիթը առողջական խնդիրներ ունի։
Դավիթ Մինասյանի փաստաբանը՝ Վարդուհի Էլբակյանը, ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց՝ չի հասցրել տեսակցել իր պաշտպանյալին։
«Նրան տեսանք հիվանդանոցում, արդեն գիտակցության էր եկել, բայց ցավով եմ ասում՝ հետազոտությունն ընդամենը 2 րոպե է տևել։ Բժիշկներին խնդրեցինք սպասել, որ բերենք բժշկական թղթերը, որ տեսնեն՝ ինչի մասին է խոսքը, գուցե լրացուցիչ հետազոտության կարիք լինի, բայց Դավիթին անմիջապես տեղափոխեցին Արմավիր ՔԿՀ։ Մայրը մտավ, որ բժիշկներին թղթերն ու դեղերը փոխանցի»։
Հիշեցնենք՝ դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ է 2 ամսով կալանավորվել։ Դատավորի որոշումը հրապարակվելուց հետո Դավիթի մոր ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր։
Հիշեցնենք նաև, որ Դավիթը փոքրուց ունի առողջական խնդիր, շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։
Նա այսօր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել էր, Դավիթին տեղափոխել էին հիվանդանոց, շատ կարճ հետազոտել ու կրկին տարել քրեակատարողական հիմնարկ։