«Ռոբերտ Քոչարյանն աշխարհի ամենաուժեղ ղեղեկավարների կողքին հավասարը հավասարին կանգնել է, արժանապատիվ պահել է․ Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Իրանի, Գերմանիայի, Ռուսաստանի։ Եվ բոլորը հարգանք են ունեցել ՀՀ նախագահի նկատմամբ։ Իսկ այդ հարգանքը միայն նախագահին չի վերաբերել, վերաբերել է Հայաստան պետությանը, քաղաքացիներին, Հայաստանի արժեքին այս տարածաշրջանում»։ Այս մասին Հրազդան կատարած այցի ժամանակ քաղաքացիների հետվ հանդիպմանն ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Հիշե՛ք Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի հայր ու տղա ղեկավարների հարաբերությունները։ Նայե՛ք՝ ոնց էին խեղճացած կանգնում Ռոբերտ Քոչարյանի առաջ, ու ոնց են առյուծ կտրած այսօր կանգնում մեր երկրի չգիտեմ ինչի առաջ։ Հիշե՛ք Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիները․ անվտանգություն, խաղաղություն, ապահովություն, տնտեսության աննախընթաց աճ, աշխատանք, հսկայական ենթակառուցվածքներ և մարդկանց կյանքի բարելավում։ Այս մարդը կարող էր հանգիստ կողքի կանգներ, ասեր՝ ես իմն արել եմ, ինչ ուզում եք, արե՛ք։ Բայց հայ մարդ է, տղամարդ է, ու չի ուզում, որ իր ժողովուրդն այսպես խեղճ ու գլխիկոր լինի»,-հավելել է Վարդանյանը։
Աղվան Վարդանյանը նշել է, որ ՀՀ երկրորդ նախագահի քաղաքականություն վերադառնալու նպատակը հայի արժանապատվությունը բարձր պահելն է և Հայաստանը ստեղծված իրավիճակից հանելը։
«Կա ուժեղ, կա թույլ։ Կա բարի և չար, ճշմարտությունն ասող և սուտասան, կզող և հպարտ կանգնող և ճակատներին խփող, կա պետություն և պետության ծաղրանկար։ Մեր ընտրությունը շատ պարզ է։ Եվ շատ բնական ու նորմալ է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ նույն պայքարի մեջ է մեր ամենաավանդական, ամենաազգային քաղաքական կուսակցությունը և բնական է, որ նաև երիտասարդների նոր ուժ է միացել մեզ։ Ինձ զարմացրել է, թե Ռոբերտ Քոչարյանը որքան ժամանակակից է, ծանոթ է տեխնիկայի, գիտության, արհեստական բանականության ամենավերջին նորություններին։ Այս մարդու կողքին ձեզնից յուրաքանչյուրն իսկապես կզգա, որ պետություն է ներկայացնում, որ երկիրն ապագա ունի, որ այս չարիքները պատահականություն էին, մեր ժողովրդի խաբվածության արդյունք էին, բայց գնալու են։ Հանգիստ եղե՛ք, ընտրե՛ք՝ ում կողքին եք կանգնում»,-նշել է Աղվան Վարդանյանը։