00:00:00

Բացառվում է ներկա իշխանության վերարտադրությունը, բացառվում է նաև անցյալի վերադարձը․ Դավիթ Անանյան

16:54, 27 մարտ 2026 Քաղաքականություն

Բացառվում է ներկա իշխանության վերարտադրությունը, բացառվում է նաև անցյալի վերադարձը։ Այս մասին, այսօր՝ մարտի 27–ին, սոցցանցի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը։

«Հայաստանի քաղաքական դաշտում տարիներ շարունակ վերարտադրվել է մի փակ տրամաբանություն, որը հասարակությանը կանգնեցրել է կեղծ ընտրության առաջ՝ անձերի միջև, ոչ թե մոդելների։

Անունները փոխվել են, դերակատարները՝ նույնպես, բայց համակարգը մնացել է նույնը։ Հենց այս համակարգն է ձևավորել կախյալ տնտեսություն, թույլ ինստիտուտներ և այնպիսի քաղաքական կոնյուկտուրա, որը վերարտադրվում է նույն շրջանակներում։

Երբ մենք խոսում ենք այս համակարգը փոխելու մասին, մեզ փորձում են վերադարձնել նույն հարթություն՝ անձերի հակադրության, պիտակների և թիրախավորման դաշտ։

Մենք չենք մտնելու այդ խաղի մեջ։ Մենք չենք քննարկում՝ ով է ավելի ընդունելի կամ անընդունելի։ Մենք խոսում ենք պետության կառուցման մոդելի մասին։

Միևնույն ժամանակ, մենք չենք վիճարկում որևէ ուժի կամ անձի իրավունքը՝ մասնակցելու ընտրություններին և կայացնելու սեփական քաղաքական որոշումները։ Քաղաքական գործընթացը հիմնված է այդ ազատության վրա, քանի որ առանց ընտրության իրավունքի՝ այն վեր է ածվում ձևականության։

Բայց մենք համոզված ենք, որ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել նույն փակ համակարգի ներսում ձևավորվող հերթական բևեռների շուրջ։ Պետք է նոր որակի համախմբում՝ նոր գաղափարների, նոր մոտեցումների և նոր քաղաքական մշակույթի շուրջ։

Այդ պատճառով ենք կարևորում նոր ձևավորվող քաղաքական ուժերի շուրջ հանրության համախմբումը՝ որպես փակ շրջանը կոտրելու միակ ճանապարհ։

Մեր դիրքորոշումը հստակ է։

Բացառվում է այսօրվա իշխանության վերարտադրությունը։

Բացառվում է նաև անցյալի վերադարձը՝ նույն մոդելի շրջանակում։

Մենք համագործակցությունը տեսնում ենք գաղափարների և պետական շահի շուրջ, ոչ թե իշխանության վերարտադրության տրամաբանության մեջ։

Երբ քաղաքական միտքը փոխարինվում է անձնավորումներով, դա խոսում է ոչ թե ուժի, այլ սահմանափակության մասին։

Մենք այդ մակարդակ չենք իջնելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր