Ձեր քաղաքական թիմը և ձեր առաջնորդը լեգիտիմացնում են Արցախի էթնիկ զտումը, որն ինքնին ցեղասպանություն է․ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Մինչ այդ, նա հիշեցրեց, որ 2023 թվականին ընդունված որոշմամբ այս իշխանությունները ձևակերպել էին, որ ՀՀ-ն իր պաշտպանության տակ է վերցնում «էթնիկ զտման ենթարկված արցախցիներին»։
«Ես ձեզ ուզում եմ հիշեցնել Շահրամանյանի բացահայտումը և հրապարակային հայտարարությունը, որ վերջին հայտարարությունը համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ»,- նշեց Լիլիթ Գալստյանը՝ նկատի ունենալով Արցախի լուծարման որոշումը։
«Ստում է, ես ներկա եմ եղել բոլոր զրույցներին, չի եղել նման բան»,- հայտարարեց ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը։
Գալստյանը շարունակեց, որ Շահրամանյանը հայտարարել է, որ այդ փաստաթղթի վրա աշխատել է նաև Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ այսօր Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախի լուծարումը կայացվել է առանց իրեն։ «Ինչ վերաբերում է վերջին որոշմանը՝ ձեզ հայտնի անձը վերջին որոշումը կայացրել է ինքնուրույն։ Չգիտեմ՝ ում հետ է խորհրդակցել, ինձ հետ այդ թեմայով խոսել է, ես հարց եմ տվել՝ ՀՀ-ն ի՞նչ կապ, ի՞նչ դեր ունի այդ ամենում, ասել է՝ ոչ մի, ես էլ ասել եմ՝ այդ դեպքում դուք որոշեք, ինչ որոշում ուզում եք՝ կայացրեք»,- ասել էր Փաշինյանը։