00:00:00

Սա խաղաղություն չէ, այլ չկառավարվող հրադադար. Տիգրան Աբրահամյան

17:00, 24 մարտ 2026 Քաղաքականություն

Իշխանության կանխատեսելի վարքագիծը ընտրական գործընթացներում նոր թափ է հավաքում, որի առանցքում «պատերազմ և խաղաղություն» հավերժական դիսկուրսն է, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունն ի սկզբանե առաջնորդվում է ոչ թե խաղաղության երաշխիքների առկայությամբ, այլ հանրությանը պատերազմով սպառնալու սկզբունքով։

Իշխող ռեժիմն իր երկարակեցության ապահովման հիմքում դնում է իր՝ ամեն գնով՝ զիջումներով, պարտությամբ և հպատակությամբ, թվացյալ կարճաժամկետ խաղաղություն ապահովելու սկզբունքը։

Սակայն հանրային ցուցիչի և պրագմատիկ մոտեցման տեսանկյունից, քաղաքական ուժը, որի պաշտոնավարման օրոք երկիրը 5-6 անգամ ագրեսիայի և հարձակումների է ենթարկվել, ակնհայտորեն չի կարող ունենալ խաղաղություն բերողի ռեպուտացիա։

Երկրորդ, իշխանության պնդումը, թե իրենց՝ պետության ղեկին չմնալու պարագայում երկիրը պատերազմի հորձանուտ կմտնի, ևս մեկ հիմնավորում է առ այն, որ սահմանին առկա ստատուս քվոն ոչ այնքան խաղաղություն է, որքան չկառավարվող հրադադար։

Երրորդ, Ադրբեջանի պահանջներն ու հավակնությունները վերջին 5 տարվա ընթացքում կայուն աճել են, և չկա որևէ երաշխիք, որ դրանք ընտրություններից հետո՝ գործողների վերարտադրման պարագայում, չեն ավելանա, ինչը կամ նոր զիջումների կբերի, կամ նոր պատերազմի։

Չորրորդ, պատերազմում հաջողություն ունենալու հարցում ի սկզբանե տապալված են այն երկրները, որտեղ հասարակության շրջանում խորը բաժանարար գծեր կան, տարբեր խմբերի միջև թշնամություն և ատելություն է սերմանված, իսկ կառավարող ռեժիմը դա սնուցում և օգտագործում է ներքաղաքական շահերի ապահովման համար։

Իրական խաղաղության բանաձևը պետական շահերն ապահովող, անվտանգության և դիվանագիտության անհրաժեշտ մեխանիզմների ներդրումն է, որի ճկունությունը, մի կողմից, փոխզիջում է ենթադրում, մյուս կողմից՝ ապահովում անհրաժեշտ անվտանգության բարձիկները։

Ժողովուրդը հոգնել է ձեր սին խոստումներից, անընդհատ լարվածության տանող ու հոգեբանական բռնություն ենթադրող վարքագծից և իրական խաղաղություն է փնտրում։

Մեր հասարակությունը հոգնել է պատերազմներից, բայց առավել շատ հոգնել է ձեր բերած պարտություններից, անարժանապատիվ կեցվածքից, չավարտվող դժբախտություններից և ստի անսահման չափաբաժնից։

Ի վերջո, հանրությունը հոգնել է ձեզանից, և ձեր հետագա հնարավոր մասնակցությունը քաղաքական գործընթացներում նոր ձախողումների, կորուստների, զիջումների և պատերազմի հեռանկար է ուրվագծում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր