Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հրահանգավորեց կամ տեղեկացրեց հանրությանը, որ իմ հանդեպ քրեական վարույթը կարճվելու է՝ և այն, որ դրա նախօրեին ինձ Քննչական կոմիտե են կանչել` ընդամենը «տեղեկացնելու», որ վարույթը կարճվում է, գրել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։
«Երեկ վերջապես ստացա դատախազ Կարեն Իսրաելյանի որոշումը, որ ՔԿ քննիչի զեկուցագրի հիման վրա որոշել է իմ նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել․․․
Այսինքն, հիմա այլևս նախաքննական գաղտնիքի սահմանափակում չկա և ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Ուրեմն, ես 18 տարի շարունակ` ամեն օր խմբագրականներ եմ գրում: Ենթադրում եմ, որ երբ իմ քննադատությունը զայրացրել է «վսեմաշուք վարչապետին», հատուկ հրահանգ է իջեցրել իրավապահներին, թե մի բան գտեք, այդ կնոջ բերանը փակեք և դատախազությունում սկսել են կարդալ իմ խմբագրականները` այնտեղ որևէ հիմք գտնելու համար, որ գործ հարուցեն: Եվ վերջապես. 2024 թ. դեկտեմբերի 12-ին «Սիրիացի զինյալների չափ էլ չկաք» վերնագրով խմբագրականում ինչ-որ բան են նշմարել և 25 թ. հունվարին վարույթ հարուցել` հանձնարարելով Քննչական կոմիտեին քննել այն և որոշել` քրեորեն պատժելի արարք կա՞ արդյոք հրապարակախոսական բնույթի այդ տեքստում:
Վարույթի նյութերն, ի դեպ, 100 էջից ավելի են և այն տևել է 1 տարի 3 ամիս: 1500 նիշանոց հոդվածը տասնյակ կաբինետներում կարդացել են, ապա ուղարկել են փորձաքննության` դատալեզվաբանական և դատահոգեբանական (ենթադրում եմ, որ պարզեն, թե կարդացողների հոգեբանության վրա ինչպես կարող էր այն ազդել): Եվ եթե փորձագետները որևէ տողի մեջ «տեսնեին» «բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու փորձեր», ապա վարույթը ոչ թե կկարճեին, այլ ինձ արդեն մեղադրանք առաջադրված կլիներ, որից վստահ եմ` ոչ ոք չէր զարմանա: Բարեբախտաբար փորձագետները` Ա. Հարությունյանը և Հ.Ղուկասյանը, որոնք իմ 1500 նիշանոց տեքստի մասին 13 էջանոց եզրակացություն են գրել և այդ փորձաքննությունը տևել է ուղիղ մեկ տարի, եզրակացրել են, որ իմ տեքստում չկա կոչ, թեև տեղ են թողել («այդ հարցերի պարզաբանումը դուրս է լեզվաբան-փորձագետի հատուկ գիտելիքների շրջանակից»), որ եթե հրահանգը շատ կոշտ լինի, այնուամենայնիվ, մեղադրանքն առաջադրեն:
Ինձ թվում էր... ես հույս ունեի, որ ինձ հատկապես չսիրող մի արարած, ասենք` նրանցից մեկը, ում մենք քննադատում ենք, դիմում է գրել դատախազություն` հաղորդում է տվել «հանցագործության մասին» և վարույթն այդ հիմքով են նախաձեռնել: Պարզվեց` ոչ: Հենց գլխավոր դատախազությունն է դիմել ոստիկանություն, ապա Քննչական կոմիտե` վարույթ նախաձեռնելու առաջարկով: Ինչը եւս մեկ անգամ հաստատում է, որ այս վարույթի հետևում հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնած:
Ինչ ասեմ` զարմացած չեմ մարդկային ստորության, ապերախտության, չարության և ամեն գնով իշխանություն պահելու ագահության հերթական ապացույցից: Շատ բան եմ տեսել իմ կյանքում` և մանր բանսարկուներ, և մեծ գիշատիչներ, և իրենց թույնից ու չարությունից խեղդվող սրիկաներ, և հիշողությունն ու հոգեկան հավասարակշռությունն իսպառ կորցրած խղճուկ էակներ...
Սա էլ կանցնի...»։