00:00:00

Իշխանությունների որոշումը՝ արգելել Գարեգին Բ-ին մասնակցել Իլիա Բ-ի հուղարկավորությանը, դիտավորյալ հարված է հայ և վրաց ժողովուրդների և եկեղեցիների միջև կապին. Օսկանյան

22:01, 21 մարտ 2026 Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրել է․

«Իշխանությունների որոշումը՝ արգելել Գարեգին Բ-ին մասնակցել Իլիա Բ-ի հուղարկավորությանը, խայտառակություն է և վիրավորանք ամբողջ հայ ժողովրդի արժանապատվությանը։ Կաթողիկոսը պարզապես անհատ չէ․ նա մարմնավորում է մեր ժողովրդի հոգևոր առաջնորդությունը։ Նրան արգելելը՝ այս ծանր պահին կանգնել եղբայր եկեղեցու կողքին, դիտավորյալ հարված է դարավոր հավատքին, ավանդույթին և հայ ու վրաց ժողովուրդների ու եկեղեցիների միջև եղած բնական և խոր կապին։

Այս քայլը բացահայտում է իշխանության մանրախնդրությունն ու վտանգավոր անհեռատեսությունը, երբ հորինված մեղադրանքներով պետական լծակներն օգտագործվում են ներքին հաշվեհարդարի համար՝ անգամ երկրի միջազգային հեղինակության հաշվին։ Ի՞նչ ուղերձ է սա աշխարհի համար. որ Հայաստանը հետապնդում է իր հոգևոր առաջնորդությո՞ւնը։ Որ այն անտեսում է իր ամենամոտ հարևանների վի՞շտը նման պահերին։ Արտաքին դիտորդներն այստեղ կտեսնեն մի պետություն, որը կլանված է քաղաքական վենդետաներով, անտարբեր է իր հեղինակության նկատմամբ և կուրացած՝ չի գիտակցում պետությանը, ժողովրդին և միջազգային հեղինակությանը հասցվող վնասը։ Եվրոպական խորհրդարանում ելույթի նվաստացումը հերիք չէր, հիմա էլ սա։

Եվ ամենակարևորը՝ ինչքա՞ն է դեռ հայ ժողովուրդը հանդուրժելու այս ամենը։ Այս դեպքը  հերթական օղակն է այն գործողությունների շղթայում, որոնք քայքայում են պետությունը, ինստիտուտները, պառակտում հասարակությունը և թուլացնում երկիրը։ Սա է հենց պատճառը, որ մեր ճակատագիրը որոշվում է առանց մեզ։ Ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել նման իշխանություն ունեցող երկրին, որն ինքը իր հեղինակության վրա թքած ունի։

Հունիսի 7-ը մոտենում է։ Գալիս է պահ, երբ վրդովմունքը պետք է վերածվի պատասխանատվության պահանջի։ Այս խայտառակ որոշումը կդառնա ևս մեկ պատճառ՝ հարյուրների կողքին, որպեսզի քաղաքացիները վճռականորեն քվեարկեն այս իշխանությանը հեռացնելու օգտին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր