Կորեացի բլոգեր Յոնգմին Սքայեսը վավերագրական ֆիլմ է նկարահանել Արցախ այցելության մասին՝ ներկայացնելով տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները։ Շուշիում, Ասկերանում և Ստեփանակերտում նա արձանագրել է ավերածություններն ու հայկական հետքերի վերացման փորձերը։ Ստեփանակերտը նկարագրել է որպես դատարկ ու տխուր քաղաք՝ լի լքված տներով։
Բլոգերը նշել է ադրբեջանական խորհրդանիշների ակտիվ ներկայությունը, ինչպես նաև այն, որ բազմաթիվ հայկական հուշարձաններ ավերվել կամ վերափոխվել են․ անվնաս է մնացել միայն «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը։ Նա նաև փաստել է, որ տարածքում տեղաշարժը խիստ վերահսկվում է, մի շարք վայրեր փակ են այցելուների համար։
Նրա խոսքով՝ փոխվել են նաև կարևոր կառույցները՝ նախկին խորհրդարանի ու համալսարանի շենքերը վերափոխվել են նոր նպատակներով։ Բլոգերը դժգոհել է նաև հյուրանոցների սպասարկումից՝ նշելով, որ այն չի համապատասխանել վճարված գումարին։