Մարտի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության բաժնի ղեկավար Պավլո Պուշկարին և նույն վարչության իրավաբան Արմեն Մազմանյանին։
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով վերջինիս կարևոր դերը ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։
Պաշտպանը կարևորել է նաև Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացման հարցում։
Անահիտ Մանասյանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առանցքային դեր ունի Հայաստանի օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացում՝ հավելելով, որ ՄԻՊ հաստատությունը տարբեր գործիքներով նպաստում է այդ չափանիշների ներդրմանը և ՄԻԵԴ վճիռների պատշաճ կատարմանը։
Պավլո Պուշկարը բարձր է գնահատել ՄԻՊ հաստատության հետ համագործակցությունը՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի թե՛ տարեկան, թե՛ արտահերթ զեկույցների կարևորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և ոլորտում առկա համակարգային խնդիրները։ Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել ազատությունից զրկված անձանց, զինված ուժերում իրավունքների պաշտպանության, վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտում առկա խնդիրներին և զարգացումներին, փակ հաստատություններում կյանքի իրավունքի պաշտպանության բնագավառում առկա և մահվան դեպքերի արդյունավետ քննությանն առնչվող հարցերին։
Քննարկվել են նաև ընտանեկան բռնության, երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերն ու ոլորտում առկա համակարգային խնդիրները։
Անդրադարձ է կատարվել նաև ՄԻՊ հաստատությանը ներկայացվող դիմում-բողոքներին, այդ թվում` թեժ գծի միջոցով ներկայացվող անանուն դիմումներին։ Պաշտպանը նշել է, որ հաստատությունն առաջնորդվում է «մի վնասիր» սկզբունքով, և բազմաթիվ դեպքերում տեղեկատվությունը չի հրապարակվում՝ հաշվի առնելով դիմումների զգայուն բնույթը և խորհրդապահության սկզբունքը։
Կարևորվել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են շարունակական համագործակցության պատրաստակամությունը՝ նպատակ ունենալով զարգացնել երկխոսությունը և ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության համակարգը Հայաստանում։
facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing button