Գյուղատնտեսության ոլորտում կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտության մասին հերթական հայտարարությամբ հանդես է եկել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ «Մերը ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը առաջարկել է Նոյեմբերյանում ձևավորել ազատ տնտեսական գոտի՝ նպատակ ունենալով զարգացնել ջերմոցային տնտեսությունները և նվազեցնել ներմուծումից կախվածությունը։
Նրա խոսքով՝ ձմռանը շուկաներում արձանագրվող գների կտրուկ աճը վկայում է համակարգային խնդրի մասին։ Տավուշի մարզը, մասնավորապես Նոյեմբերյանը, կարող է վերածվել այնպիսի արտադրական հարթակի, որտեղ կարտադրվեն այսօր արտերկրից ներկրվող մշակաբույսեր։
Կարապետյանը նաև կարևորել է գազի սակագնի հարցը։ Նա նշել է, որ ներմուծման պահին 165 դոլար կազմող գինը ճանապարհին աճում է, ինչը մեծացնում է ջերմոցային տնտեսությունների ծախսերը։ Սահմանամերձ սակագնին մոտ պայմաններով մատակարարումը, ըստ նրա, կնպաստի արտադրության ընդլայնմանը։
Կուսակցության ներկայացուցիչները շեշտում են, որ մարզերում տնտեսական ակտիվության բարձրացումը պետք է դառնա պետական քաղաքականության առաջնահերթություն, որպեսզի բնակչությունը պահպանվի գյուղական համայնքներում և ստեղծվեն երկարաժամկետ զարգացման հիմքեր։