00:00:00

Ալիևը հերքո՞ւմ է Թրամփին. քաղաքական վերլուծաբան

14:21, 20 փետրվար 2026 Քաղաքականություն

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է. «Իլհամ Ալիեւի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը Վաշինգտոնում խաղաղության խորհրդի առաջին գագաթնաժողովից հետո Իքսի իր էջում գրառում է արել, որով պարզաբանել է, թե Ադրբեջանը չի միանալու Գազայի հարցով 7 միլիարդ դոլարի ֆինանսական նախաձեռնությանը:

Սա հետաքրքիր պարզաբանում է, եթե նկատի ունենանք այն, որ Ադրբեջանի անունը տվել էր ԱՄՆ նախագահ Թրամփը՝ Խորհրդի նախաձեռնողը: Թրամփը հայտարարել էր, թե Ղազախստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը, Էմիրությունները, Մարոկկոն ու Քուվեյթը 7 միլիարդ դոլար են հատկացնելու Գազային:

Եվ ահա պարզվում է, որ Ադրբեջանն այդտեղ չկա: Հաջիեւը, իհարկե, դիվանագիտորեն հայտարարել է, թե իրենք կարեւոր են համարում Խաղաղության խորհրդի ձեւաչափը, եւ հետագայում կարող են դիտարկել ներդրումային ծրագրեր, բայց 7 միլիարդ դոլարի նախաձեռնության մեջ իրենք չկան:

Ադրբեջանը փաստորեն քաղաքավարի մերժում է Թրամփին, կամ գուցե Թրամփը այնքան է խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու մասին, որ Ադրբեջանը նրա բերանից դուրս է գալիս երբեմն նաեւ ակամա: Հարց կառաջանա, իհարկե, թե այդ դեպքում ինչու՞ այդպես չէ Հայաստանի մասով:

Եթե ավելի լուրջ, ապա ԱՄՆ նախագահը, ըստ ամենայնի, բարձրաձայնել է ինչ-որ նախնական քննարկումների պատկեր, իսկ ահա Ադրբեջանը քաղաքավարի մերժում է, ըստ ամենայնի, Գազայում իր ֆինանսական մասնակցության դիմաց ակնկալիքները կոնկրետացնելու համար: Եվ այստեղ թերեւս ավելորդ չի լինի հարցը, թե կարո՞ղ են այդ ակնկալիքները վերաբերել նաեւ Հայաստանի հետ կապված հարցերի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր