Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին երկու առանձին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու կարգալույծ քահանա Արամայիս Դավթի Թախմազյանի (նախկին Տեր Թադե)։
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Մկրտչյանը երկու հայցադիմումն էլ ընդունել է վարույթ։
Առաջին հայցով Եկեղեցին, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածը, դատարանից պահանջում է պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին հետ վերադարձնել Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ որպես Եկեղեցու սեփականություն։ Բացի այդ, հայցով պահանջվում է արգելել Թախմազյանին մուտք գործել Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան հատվածներ։ Եկեղեցին նաև խնդրում է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Երկրորդ հայցադիմումով Եկեղեցին դատարանից պահանջում է պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին և Հռիփսիմե Խաչատրյանին վերադարձնել Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող՝ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Մյասնիկյան 3-րդ շենքի 5-րդ բնակարանը՝ վտարելով պատասխանողներին նշված բնակարանից։ Այս գործով ևս հայցվոր կողմը պահանջում է պատասխանողներից հօգուտ Եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը։
Գործերի քննությունը կշարունակվի դատարանում։