ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն ամփոփել է Ուկրաինայի և Իրանի շուրջ վերջին զարգացումները.
«Այսօր ավարտվեց Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների երկօրյա փուլը: ԱՄՆ և Իրանի միջև ժնևյան երկկողմ բանակցությունների երկրորդ փուլը նույնպես ավարտվեց առանց գործնական արդյունքների:
ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ չնայած բանակցություններում որոշակի առաջընթացի՝ Իրանը դեռևս պատրաստ չէ ընդունել ԱՄՆ պայմանները։ Իրանական կողմը խոստացել է երկու շաբաթվա ընթացքում վերադառնալ բանակցություններին՝ որոշ անհամաձայնությունների շուրջ ներկայացնելով լուծման իր առաջարկները։ Համաձայն տեղեկատվական հոսքերի՝ Սպիտակ տան աղբյուրներն առաջընթացի հավանականությունը ցածր են գնահատում, նշելով, որ դրա բացակայության դեպքում դիվանագիտական ուղին կարող է սպառված համարվել։ Միաժամանակ Իսրայելի ուժերը բարձրացնում են օպերատիվ պատրաստվածության մակարդակը։ Իսկ ԱՄՆ վերջին 48 ժամվա ընթացքում էականորեն ավելացրել է իր օդուժի տեղակայումը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում (48 հատ F-16, 12 հատ F-22, 18 հատ F-35 7 այլ տիպի օդուժ)։
Շոշափելի արդյունքների մասին չի հայտարարվել նաև Ուկրաինայի շուրջ բանակցություններում։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին զրույցն անվանել է «դժվար, բայց գործնական» և խոստացել է շարունակել այն։ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը խոսել է որոշ առաջընթացի մասին՝ առանց մանրամասներ հաղորդելու։ Կարծես ստացվել են հերթական ստանդարտ դիվանագիտական ձևակերպումները. «շարժում կա, բայց արդյունքներ չկան»։
Դատելով պաշտոնական և այլ տեղեկատվական աղբյուրներից՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունները բաղկացած են երկու հիմնական բլոկից։ Ռազմական մասում կողմերը կարծես մոտ են համաձայնության գալ հրադադարի մոնիթորինգի մեխանիզմի շուրջ՝ ԱՄՆ-ի առանցքային դերակատարմամբ, թեև Կիևը պնդում է ավելի լայն եվրոպական մասնակցության վրա, ինչի հետ Մոսկվան համաձայն չէ։ Իսկ քաղաքական հարցերի բլոկում, որը հիմնականում վերաբերում է տարածքների կարգավիճակին, կողմերի դիրքորոշումները կարծես մնում են անհամատեղելի։
Առավելագույնը, ինչ Կիևը պատրաստ է քննարկել, ներկայիս առաջնագծի երկայնքով հակամարտության սառեցումն է՝ զորքերի հայելային դուրսբերմամբ։ Սա նշանակում է, որ խոսքը խաղաղության պայմանագրի մասին չէ, այլ երկարաժամկետ հրադադարի մասին։
ԱՄՆ-ը Կիևին կարծես ազդանշան է տալիս, որ Մոսկվան պատրաստ է դադարեցնել պատերազմը, սակայն Զելենսկին դժգոհում է, որ զիջումների կոչերը ուղղված են հիմնականում Ուկրաինային, այլ ոչ թե Ռուսաստանին։
Մասնագետները գտնում են, որ եթե ռազմական գործողությունների դադարեցման իմաստով բանակցային առաջխաղացումը հնարավոր է, ապա հակամարտության քաղաքական լուծումների շուրջ բանակցությունները կարող են մտնել փակուղի»: