00:00:00

Կեղծ մեղադրանքներով Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելը արդարադատության ծաղր է, Թրամփին կոչ եմ անում կատարել հայ գերիներին ազատելու հրապարակային խոստումը. Ջարեդ Գենսեր

13:51, 18 փետրվար 2026 Քաղաքականություն

Բաքվի ռազմական դատարանի կողմից կեղծ մեղադրանքներով Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելը պարզապես արդարադատության ծաղր է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կատարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տված իր հրապարակային խոստումն ու ապահովի Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանի և 19 հայ գերիների ազատ արձակումն ու ապահով վերադարձը Հայաստան։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։

Հիշեցնենք, որ  Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

Գենսերը շեշտել է, որ Վարդանյանի միակ «հանցագործությունը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր՝ ընդգծելով, որ դատավարությունն ինքնին ամբողջությամբ կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելն ապօրինի է։

«Դատաքննությունը նաև գաղտնի է անցկացվել, դատավարական բազմաթիվ ընթացակարգերի խախտումներով, ինչպիսիք են փաստաբանի հետ կապվելու բազմաթիվ մերժումները, տասնյակ միջնորդությունների անտեսումը, որոնք, ի դեպ, հենց ադրբեջանական օրենսդրությամբ պետք է դիտարկվեն մի քանի օրվա ընթացքում։ Ռուբեն Վարդանյանի դատավճիռը խախտում է և՛ միջազգային, և՛ ադրբեջանական օրենքները»,- նշել է Գենսերը։

Ինչ վերաբերում է «վկաների» ներկայացրած «ապացույցներին», դրանք, փաստաբանի խոսքով, ասեկոսեներ էին, հետևաբար անօրինական էր որպես ապացույց դիտարկելը:

«Հետևաբար, Ռուբենի դատապարտումը և դատավճիռը խախտում են ինչպես միջազգային, այնպես էլ ադրբեջանական օրենքները, և բոլոր 19 հայ-քրիստոնյա քաղբանտարկյալներն ու ռազմագերիները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։ Ես կոչ եմ անում նախագահ Թրամփին կատարել իր հրապարակային պարտավորությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ ապահովելու նրանց բոլորի ազատ արձակումը նախագահ Ալիևից, որպեսզի նրանք կարողանան անվտանգ վերադառնալ Հայաստան»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր