Ցամաքային անցման ճանապարհով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպման գաղափարը ծնվել է հենց մեր՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ֆորմատում։ Այս մասին Արեգ Քոչինյանը հայտարարեց Ծաղկաձորում նախաձեռնության երրորդ համաժողովի ամփոփիչ ասուլիսում։
Նա նշեց, որ գաղափարը առաջացել է փորձագիտական քննարկումների ընթացքում․ «Հենց քննարկման ժամանակ էր ծնվել միտքը, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա սահմանը հատելու ճանապարհով, և երկու երկրների ներկայացուցիչներն այն ողջունեցին ու իրականություն դարձրին»,– ասաց նա՝ հիշեցնելով, որ միջոցառումներն անցկացվում են երկու երկրների կառավարությունների անմիջական, այդ թվում՝ ֆինանսական աջակցությամբ։
Քոչինյանը անդրադարձավ նաև հնչող քննադատություններին․ «Շատ հաճախ ասում են՝ դուք փորձում եք ջնջել անցյալը, մոռացնել ցավը, խմբագրել պատմությունը։ Կարևոր է արձանագրել, որ մենք երբևէ մեր առջև նման նպատակ չենք դրել։ Մենք չենք փորձում մոռացության մատնել մեր պատմությունը, տարաձայնությունները կամ այն ցավը, որը կա թե՛ մեր հասարակությունում, թե՛ նրանց հասարակությունում։ Այս ֆորմատի նպատակը այդ ամբողջ բեռին զուգահեռ նաև խաղաղության օրակարգը սպասարկող նախագծերի ձևավորումն է՝ քննարկումների, դրական օրակարգի և առկա խնդիրների լուծման փորձերի միջոցով»։