ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց և ընդունվեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այս մասին գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Ներկայացնելով նախագիծը՝ ընդգծել եմ, որ առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակն է ամրացնել Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը, սահմանափակել բացասական և ապակայունացնող բովանդակությամբ տեսալսողական հաղորդումների հոսքը, ինչպես նաև վերացնել ոլորտում առկա իրավական բացերը և ձևավորել հավասար մրցակցային պայմաններ։
Նախագծով հստակեցվում են տեսալսողական հաղորդումների արգելքների հիմքերը, ինչպես նաև արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերով ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։ Միաժամանակ, սահմանվում են ցանցային օպերատորների լիցենզիայի կասեցման և դադարեցման հստակ հիմքերն ու կիրառման մեխանիզմները, ինչպես նաև նախատեսվում է պատասխանատվություն՝ օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքում»,-գրել է նա։