Մենք ուզում ենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հետագա համագործակցության ձևերը քննարկման փուլում են, կքննարկեն, կհասկանան, թե ինչպիսի գործունեության շրջանակում կարող են համագործակցել։
«Գիտեք, որ խաղաղության պայմանագրի շրջանակներում մենք համաձայնություններ ունենք, դեռևս պետք է ստորագրվի և վավերացվի, որպեսզի ուժի մեջ մտնի, հասկանանք, թե ինչպես ենք առաջ շարժվում այդ մասով։ Բայց միանշանակ է, որ մենք ուզում ենք առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամ»,- ասաց նա:
Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ իրենք շատ բարձր են գնահատում ԵՄ-ի հետ համագործակցությունը, դրական են գնահատում նաև առաքելության տեղակայումը Հայաստանում:
Գրիգորյանը նաև շեշտեց՝ իրենք համոզված են, որ առաքելությունն իր դրական ազդեցությունն է ունեցել կայունության գործոնի տեսանկյունից և նպաստել է, որ տարածաշրջանում կայունություն լինի, ինչպես նաև սահմանային համայնքների բնակչության մոտ վստահություն լինի կայունության և անվտանգության նկատմամբ։
«Կարող եմ ասել, որ նրանք դրական ազդեցություն են ունեցել, բայց նաև կարևոր դեր են ունեցել Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները խաղաղության հաստատման գործում, ինչպես նաև նախագահ Թրամփի գործոնն է կարևոր եղել խաղաղության հաստատման գործում։ Կարելի է ասել, որ խաղաղությունը և կայունությունը համաստեղություն է եղել, ամեն մեկն իր ազդեցությունն է ունեցել և հիմնականում դրական ազդեցություն են ունեցել բոլորը»,-նշեց նա: