Ես բազմիցս ասել եմ, որ իմ ծառայության ընթացքում ինձ հայտնի դարձած տվյալները երբեք չեմ հրապարակայնացնելու, «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե հանրությունը կարծում է, որ ինքը պաշտոնի բերումով շատ բան գիտի, բայց ո՛չ նախորդ ընտրություններին եւ ո՛չ էլ մինչեւ հիմա չի բացահայտել, արդյո՞ք հիմա հանրությունը սպասի բացահայտումների, ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Իսկ արդյո՞ք այս իշխանությունները նման կերպ կվարվեին՝ Վանեցյանը պատասխանել է. «Այսպես ասեմ․ իմ եւ այս իշխանությունների տարբերությունը հենց դրա մեջ է, որ ես, չլինելով իշխանություն, ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում պետության եւ պետականության, պետական ինստիտուտների նկատմամբ, քան՝ իրենք։ Իրենք ցանկացած պահի ցանկացած գաղտնիք կարող են հրապարակել։
Ըստ Վանեցյանի՝ այս իշխանությունները կարող են չեղած տվյալներ գեներացնել ու չմտածել հետեւանքների մասին.«Ինձ համար ամենածանրն այն է, երբ հատկապես Ազգային անվտանգության ծառայությանը վերաբերող տեղեկություններ են սկսում հրապարակայնացնել։ Մենք ականատես եղանք մի բանի, որն ամենավատ երազում չէինք կարող տեսնել՝ ԱԱԾ-ն պաշտոնական պատասխան է տալիս մի լրատվամիջոցի, այն մասին, թե իբրեւ այսինչը հանդիսացել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալ։ Մենք՝ ԱԱԾ աշխատակիցներս, ամենավատ երազում չէինք կարող պատկերացնել, որ այդ շենքից հնարավոր է նման տեղեկատվություն դուրս գա։
Համենայն դեպս, ես չեմ պնդում, թե այդ թուղթն իրական է կամ կեղծ է։ Անգամ այդ բանավեճի մեջ չեմ մտնում, ես ասում եմ՝ ԱԱԾ-ն պաշտոնապես պատասխանել է ինչ-որ մի լրատվամիջոցի հարցի, այն դեպքում, երբ, առհասարակ, այդ հարցի ձեւակերպումն արդեն կոռեկտ չէ, իսկ դրան պատասխանելը հանցագործություն է»։