00:00:00

Մենք կառուցելու ենք ժամանակակից անվտանգային համակարգ՝ զսպման հստակ մեխանիզմներով, պրոֆեսիոնալ բանակ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ

22:21, 12 փետրվար 2026 Քաղաքականություն

«Այսօր մենք ասում ենք՝ բավական է, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը  գալիս է վերջ դնելու զոհի կարգավիճակին և հաստատելու ուժեղ բանակ, երաշխավորված խաղաղություն դարաշրջանը»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսին  կուսակցության անվտանգության տեսլականը ներկայացնելիս՝ ասաց կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։

 
 

Նա նշեց, որ այսօր Հայաստանը կանգնած է լուրջ գոյաբանական սպառնալիքների առաջ, բայց ամենամեծ վտանգը ոչ թե արտաքին թշնամին է, այլ այն վախն ու անզորությունը, որ ներկայիս իշխանությունն իրենց թույլ կամքի ու թույլ կառավարման հետևանքով սերմանել են յուրաքանչյուրս մեջ։

«Այս իշխանությունները մեզ ստիպում են մուրալ խաղաղություն, նրանք մեզ սովորեցրել են ապրել նաև վախով, համոզում են, որ մենք թույլ ենք, չենք կարող, պետք է միայն ու միայն զիջենք, բայց գիտենք՝ անդադար զիջումները ոչ թե խաղաղություն են բերում, այլ միայն թուլացնում և մոտեցնում են հերթական պատերազմը։


 

Մենք գալիս ենք վերադարձնելու ժողովրդի վստահությունը։

Մենք ուզում ենք իրական խաղաղություն, պատերազմ չենք ուզում։ Մենք ուզում են այնպիսի խաղաղություն, որ ոչ մեկի մտքով չանցնի անգամ սպառնալ Հայաստանին, այնպիսի խաղաղություն, որ մեր երեխաները մեծանան առանց տագնապի, ազդանշանի, առանց  ռմբակոծությունների ու առանց տարհանումների, այնպիսի  խաղաղություն, որտեղ զինվորի մայրը հանգիստ կքնի, երիտասարդը չի վախենա իր երկրից, այլ կկառուցի։ Նման խաղաղություն հնարավոր է»,- ասաց Ա. Միքայելյանը։ 

Ըստ նրա, միայն վկայի ստորագրությունը խաղաղության հասնելու համար բավարար չէ, իրական խաղաղությունը պետք է երաշխավորված լինի մի քանի պետությունների կողմից, սեփական ուժեղ բանակի և ուժեղ ժողովրդի կողմից, քանի որ վկան ստորագրում է, իսկ երաշխավորը պարտավորվում է։ 

«Մենք գիտենք, որ երաշխավորներ գտնելը մեր տարածաշրջանում բացառիկ բարդ խնդիր է,  ոչ Արևելքը, ոչ Արևմուտքը, ոչ էլ Հյուսիսը պատրաստ չեն անվերապահ երաշխիքներ տալ առանց նախապայմանների, ու հենց այդ պատճառով էլ մենք  կառուցելու ենք բազմավեկտոր դիվանագիտություն՝ ամրապնդելով  կապերը մեր անվտանգության համար կարևոր ուժերի հետ, քանի որ դրա այլընտրանքը, ամբողջական կախվածությունը մեկ խաղացողից ավելի վտանգավոր է»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը։

Նա նշեց, որ իրենք չեն խնայելու պաշտպանության համար միջոցներ,  չեն խնայելու միջոցներ քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար։

«Մենք կառուցելու ենք ժամանակակից անվտանգային համակարգ՝ զսպման հստակ մեխանիզմներով, պրոֆեսիոնալ բանակ՝ նոր տեխնոլոգիաներով, ուժեղ զարգացած տնտեսությամբ և դիվանագիտությամբ, որը թույլ կտա սահմանը պահել ամուր, նվազեցնել զինվորի վրա ընկնող բեռն ու բարձրացնել անվտանգության մակարդակը։

Հայաստանը մեզ հետ կլինի անվտանգ, արժանապատիվ, ուժեղ։

Խաղաղությունը նվեր չէ, այն ձեռք են բերում»,- ասաց Ա. Միքայելյանը։ 

Նա նշեց, որ իրենց դիրքորորշումը հստակ է՝ անընդունելի է մեր ինքնիշխան տարածքի որևէ խախտում, Սահմանադրական փոփոխության պարտադրանք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, անընդունելի է հասարակությունը բաժանող և մեր ինքնության հենասյուները թուլացնող պետական յուրաքանչյուր վարքագիծ։ 

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր