ՀՅԴ–ն 2026–ի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով, այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով ՀՅԴ 29–րդ գերագույն ժողովի հայտարարությունը։
Սաղաթելյանը բացատրեց, թե ինչ օրակարգով և երկրում ծառացած որ խնդիրները լուծելու համար են որոշել մասնակցել սպասվող խորհրդարանական ընտրություններին:
«ՀՀ-ն ու ամբողջ հայ ժողովուրդը կանգնած են աշխարհաքաղաքական փոփոխությունների և անվտանգության լրջագույն սպառնալիքների առջև: Գործող վարչակարգի ապազգային և հակապետական քաղաքականությունը հարցականի տակ է դրել ՀՀ պետականության ապագան, և երկրի տարածքային ամբողջականությունը: Իրավիճակում բեկում մտցնելու, սպառնալիքները չեզոքացնելու և նոր որակի ազգային պետություն կառուցելու առումով գործող վարչախմբի իշխանազրկումը հրամայական է»,- նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:
Նա ասաց, որ դաշինքով մասնակցելու ձևաչափի շրջանակում առաջնահերթ կբանակցեն «Հայաստան» դաշինքի հետ: