Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով Կայա Կալլասի այսօրվա հայտարարությանը, գրում է.
«Արցախի պարտությունը հաղթանակ է, որն ամրապնդեց մեր ինքնիշխանությունը» թեզից հետո ռեժիմն անցել է «ինքնիշխանության հաղթանակի» հաջորդ փուլին: «Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար». Հայաստանից Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլաս:
2026-ի հունիսին սպասվող ընտրությունների ժամանակ ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար: Սա Սահմանադրության և ինքնիշխանության ոչ միայն կոպիտ խախտում է, այլ՝ պետական հանցագործություն:
Փաստորեն, հրապարակայնորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում ու դա արվում է բացահայտորեն, Հայաստանի պաշտոնական իշխանության խնդրանքով:
Արդեն ոչ մի կարմիր գիծ, ոչ մի օրենք ու օրինականություն, Սահմանադրություն գոյություն չունի: Մնում է վերջին կարմիր գիծը, պաշտոնապես պետականության լուծարումը, որն, իհարկե, կարվի հանուն «ինքնիշխանության» ու «անկախության»»։