00:00:00

Հայաստանը համոզված է, որ ժամանակն է դադարեցնել տարածաշրջանային հակամարտությունները. Տիգրան Բալայան

10:25, 21 մարտ 2025 Քաղաքականություն

Հայաստանը մեծապես կարևորում է Արևելյան գործընկերությունը (ԱլԳ)՝ որպես շրջանակ, որը էականորեն նպաստել է երկրի ժողովրդավարական անցմանը և ԵՄ-ի հետ երկկողմ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Բելգիայում Հայաստանի դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը Բրյուսելում տեղի  ունեցած Արևելյան գործընկերության (ԱլԳ) բարձր մակարդակի պաշտոնյաների հանդիպման ժամանակ։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել է Արևելյան գործընկերության 2025-2027 թվականների աշխատանքային ծրագրի նախագիծը, որին Հայաստանը աջակցում, և որի առաջարկները կարող են խթանել գործընկերությունը։ Դեսպան Բալայանն իր ելույթում ողջունել է բազմաշերտ ներգրավվածության մոտեցումը, որը հիմնված է պայմանականության և «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի վրա։  

Տիգրան Բալայանը նշել է, որ ԱլԳ-ն կարևոր ձևաչափ է՝ ընդհանուր մարտահրավերներին համատեղ արձագանքելու, ժողովրդավարական դիմակայունությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, վստահության ամրապնդումը և քաղաքացիական հասարակության զարգացումն ապահովելու համար։  

«Հայաստանը համոզված է, որ ժամանակն է դադարեցնել տարածաշրջանային հակամարտությունները և հաստատել խաղաղ համակեցություն ապագա սերունդների համար։ ԵՄ-ն կարող է օգտագործել իր փափուկ ուժը՝ ապահովելու համար, որ տարածաշրջանային ծրագրերը ներառական լինեն և չբացառեն որևէ երկիր։ Օրինակ՝ Սևծովյան ստորջրյա մալուխի նախագիծը, որը կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ», - ասել է դեսպան Բալայանը։ 

Տիգրան Բալայանը ընդգծել է, որ փոխկապակցվածության հարցերը շարունակում են մնալ օրակարգի առաջնային կետերի շարքում։ «Այս համատեքստում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը հիմնված է ինքնիշխանության, անվտանգության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա, կարող է առանցքային դեր խաղալ տարածաշրջանային կապերի և համագործակցության ամրապնդման գործում», - ասել է դեսպան Բալայանը։ 

Տիգրան Բալայանն իր ելույթն ավարտել է` նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է հյուրընկալել ԱլԳ միջոցառումները և շուտով կներկայացնի իր առաջարկները։  

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31